Մատչելիության հղումներ

Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը բարդ իրավիճակ է ստեղծել ԵՄ ԱԳ հռչակագրի շուրջ․ Նավասարդյան


Բորիս Նավասարդյան, արխիվ
Բորիս Նավասարդյան, արխիվ

Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Եվրամիությունը, որպես կողմ, ձգտելու է գտնել հնարավորինս ընդհանուր ձևակերպումներ, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագրի տեքստի շուրջ առաջացած փակուղային իրավիճակից ելք գտնելու համար:

Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի դարձավ, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը կրկին հայտնվել է փակուղում՝ ղարաբաղյան խնդրի պատճառով: Պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ, այն դեպքում, երբ փաստաթղթի մնացյալ տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է: Նավասարդյանի կարծիքով՝ Բրյուսելը հետագայում առանձնաբար աշխատելու է ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ՝ ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան բանակցվող համաձայնագրերում ավելի հստակեցնելով ղարաբաղյան խնդրի լուծման ուղիները, «բնականաբար՝ շեշտը դնելով Մինսկի խմբի գործունեության վրա»:

«Սակայն, մենք նաև շատ լավ հասկանում ենք, որ տվյալ պարագայում Ադրբեջանը կարող է ապակառուցողական դիրքորոշում որդեգրել, քանի որ այսօր ունի բավական լուրջ հակասություններ Եվրամիության և ընդհանրապես՝ եվրոպական մի շարք կառույցների հետ, ուստի՝ տվյալ պահին կարող է շահագրգռված չլինել՝ գնալ զիջումների, մանավանդ, որ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի բանակցություններն այնքան էլ հարթ չեն ընթանում:

Այնպես որ՝ բավական բարդ իրավիճակ է ստեղծվել, որը կարող է ընդհանրապես կասկածի տակ դնել Արևելյան գործընկերության հետագա արդյունավետ զարգացումը: Այժմ կարող էնք միայն հուսալ, որ Եվրամիության ներկայացուցիչների վճռականությունն ու հետևողականությունը կնպաստեն, որ այս հարցը հարթվի, քանի որ հույս ունենալ, թե Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են ընդհանուր լեզու գտնել, շատ դժվար է»- «Ազատության» հետ զրույցում ասաց Բորիս Նավասարդյանը:

Նրա կարծիքով, Ադրբեջանը ներկայումս ձգտում է, որ հռչակագրում ամրագրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը: «Բնականաբար, նման ձևակերպումը հակասության մեջ կմտներ ԵՄ-Հայաստան համաձայնագրի այն բաժնի հետ, որտեղ հղում է արվում, որ բանակցային գործընթացով զբաղվում է Մինսկի խումը:

Այսինքն՝ խնդրի որևէ վերջնական լուծում չի ենթադրվում: Իսկ հռչակագրի և երկկողմ համաձայնագրի միջև հակասություններ չեն կարող լինել: Բնականաբար՝ ես կարծում եմ, որ Հայաստանը շահագրգիռ է, որ կամ [տեքստում] ներառվի Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ եղած նույն ձևակերպումը, որն առկա է նաև երկկողմ համաձայնագրում, կամ, ինչպես և ԵՄ-ն է ցանկանում, սահմանափակվեն ընդհանուր դրույթներով»,- շարունակեց Բորիս Նավասարդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG