Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Մոսկվային հորդորում է օտարերկրյա ԶԼՄ-ների մասին օրենքով չսահմանափակել խոսքի ազատությունը


ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքը Վաշինգտոնում, արխիվ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարում է, որ ուսումնասիրում է արտասահմանյան լրատվամիջոցների մասին ռուսական օրենսդրությունը՝ Մոսկվային հորդորելով չկիրառել այն որպես խոսքի ազատությունը սահմանափակող գործիք:

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Օլսոնը երեկ ասել է, որ Վաշինգտոնը ուշադրությամբ հետևում է, թե ինչպես է այդ որոշումը հավանության արժանանում և ինչպես է այն իրագործվելու:

Պետդուման, հիշեցնենք, Ռուսաստանում գործող օտարերկրյա լրատվամիջոցների մասին հատուկ օրինագիծ է ընդունել՝ ի պատասխան Միացյալ Նահանգներում Russia Today հեռուստակայանը որպես օտարերկրյա գործակալ գրանցելու Վաշինգտոնի պահանջի:

Օլսոնը նշել է, որ ամերիկյան օրենքը ընդամենը նպատակ ունի ի հայտ բերել արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպություններին, որոնք փորձում են ազդել ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վրա, և այն որևէ կերպ չի սահմանափակում նրանց խոսքն ու գործունեությունը:

Իրավապաշտպանները քննադատել են ինչպես Ռուսաստանում ընդունված օրենքը, այնպես էլ ԱՄՆ-ի պահանջները: Ռուսաստանի արդարադատության նախարարությունը իր կայքում հրապարակել է լրատվամիջոցների ցանկ, որոնց վրա կարող է անդրադառնալ նոր օրենքը: Սահմանափակումները, որոնք ռուսաստանյան գերատեսչությունը չի մանրամասնում, կարող են տարածվել նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի Ձայն»-ի հետ առնչություն ունեցող 9 լրատվամիջոցի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG