Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Պետդուման ընդունեց դրսից ֆինանսավորվող լրատվամիջոցների համար սահմանափակումներ մտցնող օրինագիծը


Պետդուման քվեարկում է օրինագծի օգտին, 15-ը նոյեմբերի, 2017թ․
Պետդուման քվեարկում է օրինագծի օգտին, 15-ը նոյեմբերի, 2017թ․

Պետդուման այսօր երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Տեղեկատվության մասին» օրենքի փոփոխությունները, որոնք թույլ կտան Ռուսաստանի կառավարությանը այսուհետ որպես օտարերկրյա գործակալ գրանցել դրսից ֆինանսավորվող լրատվամիջոցները:

Բացի այդ, օրենքը Ռուսաստանի իշխանություններին նաև իրավունք է տալիս արգելափակել «ոչ ցանկալի կազմակերպությունների» ինտերնետային կայքերը՝ առանց դատարանի որոշման:

Աղմկահարույց փոփոխություններն ընդունվեցին արագացված կարգով՝ երկրորդ ընթերցումից ընդամենը երկուսուկես ժամ անց, միաձայն ու առանց քննարկման:

Կողմ քվեարկեցին դահլիճում ներկա բոլոր՝ 414 պատգամավորները, որոնք հետո երկարատև ու բուռն ծափերով ողջունեցին իրենց իսկ որոշումը: Ընդ որում, քվեարկությունից առաջ Պետդումայի փոխխոսնակ, իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության ներկայացուցիչ Պյոտր Տոլստոյը կրկին պնդեց՝ իրենք չէին ուզում, բայց ստիպված են նման քայլի գնալ:

«Մեր շարքերում չկա մեկը, որ կցանկանար նման որոշում ընդունել: Այն որևէ կերպ չի ազդելու Ռուսաստանում խոսքի ազատության վրա: Սրանով մենք իրավունք ենք տալիս գործադիր իշխանությանը հայելային միջոցներ ձեռնարկել այն երկրների դեմ, որտեղ ոտնահարվում են ռուսաստանցի լրագրողների ազատություններն ու իրավունքները», ֊ հայտարարեց Տոլստոյը:

Պաշտոնական Կրեմլը պնդում է, թե սա Մոսկվայի պատասխանն է Միացյալ Նահանգներին, որտեղ Արդարադատության նախարարության որոշմամբ այս շաբաթ RT հեռուստաընկերությունը գրանցվեց որպես օտարերկրյա գործակալ:

«Մեր նախագահը վաղուց էր զգուշացրել՝ Մոսկվայի արձագանքը չի ուշանա», - հայտարարել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Լևինը: - «Այս օրենքով լիազոր մարմինը կարող է ամերիկյան քարոզչական միջոցների նկատմամբ ընդունել նույն այն սահմանափակումները, որոնք ներկայումս կիրառվում են Նահանգներում՝ RT-ի և Sputnik-ի նկատմամբ», ֊ ընդգծել է նա:

Մի շարք փորձագետներ ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, մինչդեռ, պնդում են՝ ռուսական օրենքն ամենևին էլ Ամերիկյանի համարժեքը չէ, և որ երկու երկրներում լրագրողները տրամագծորեն տարբեր պայմաններում են աշխատում: Այս առթիվ այսօր հայտարարություն է տարածել նաև «Ազատություն» ռադիոկայանը, որին ևս Ռուսաստանի կառավարությունը կարող է կցել «օտարերկրյա գործակալի» պիտակը։

«Տեղին չէ այսօրվա քվեարկությունը դիտարկել որպես պատասխան այն պահանջներին, որոնք ներկայացվում են Միացյալ Նահանգներում Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներին», - հայտարարում է ռադիոկայանը՝ մանրամասնելով․ - «RT֊ն և Sputnik֊ը ազատորեն հեռարձակվում են ԱՄՆ֊ում, մինչդեռ «Ազատությունը» զրկվել է իր վերահեռարձակող գործընկերներից վարչական ճնշումների պատճառով, բացի այդ՝ մեզ հնարավորություն չի տրվում հեռարձակվել նաև կաբելային կապուղիներով։ «Ազատության» լրագրողները Ռուսաստանում ենթարկվում են ճնշումների և ֆիզիկական հարձակումների, մինչդեռ RT֊ի լրագրողները ԱՄՆ֊ում նման որևէ սպառնալիքի առաջ չեն կանգնած»։

Մյուս կողմից, փաստաթուղթը հստակ չափորոշիչներ չի սահմանում՝ գործունեության լայն դաշտ տալով իշխանությանը: Օրենքը, մասնավորապես, նշում է՝ դրսից ֆինանսավորվող լրատվամիջոցը կարո՛ղ է գրանցվել որպես օտարերկրյա գործակալ, ինչը նշանակում է, որ վերջնական որոշումն ամբողջովին թողնվում է Կառավարության կամքին ու ցանկությանը:

«Սա լուրջ հարված է Ռուսաստանում խոսքի ազատությանը, որն առանց այդ էլ գտնվում է անմխիթար վիճակում», - հայտարարել է Լոնդոնում գործող իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը՝ փաստելով․ - «Անցած մի քանի տարիների ընթացքում Կրեմլը շարունակ աշխատել է իր տեսակետների հետ մշտապես համաձայնող լրատվամիջոցներ ստեղծելու ուղղությամբ՝ որոնք լռեցնում են ընդդիմախոսների ձայները թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում»:

Վերջին փոփոխությունները պետք է արժանանան նաև Դաշնային խորհրդի հավանությանը, որն արդեն հայտարարել է, որ փաստաթուղթը քննարկման կդնի մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 22-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG