Մատչելիության հղումներ

Սաադ Հարիրին մինչև շաբաթավերջ կմեկնի Փարիզ


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունում է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին, Փարիզ, 1-ը սեպտեմբերի, 2017թ․
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունում է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին, Փարիզ, 1-ը սեպտեմբերի, 2017թ․

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին առաջիկա երկու օրերին կժամանի Փարիզ: Այս մասին AFP գործակալությանը հաղորդել են Հարիրիի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները:

Հարիրիի Փարիզ ուղևորության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի Սաուդյան Արաբիա այցի ընթացքում: Ֆրանսիական կողմի միջամտությունը պահանջվեց Լիբանանի նախագահ Միշել Աունի երեկվա հայտարարությունից հետո, թե Սաուդյան Արաբիայի իշխանությունները Հարիրիին պատանդի կարգավիճակում են պահում:

Լիբանանի նախագահի հայտարարություններից մի քանի ժամ անց իրադրությանը միջամտեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: «Ես զրուցել եմ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի և Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ, և մենք պայմանավորվեցինք, որ ես Հարիրիին մի քանի օրով կհրավիրեմ Ֆրանսիա` ընտանիքի անդամների հետ միասին: Սա բարեկամական քայլ է, որի նպատակն է վերահաստատել կայունությունն ու հանդարտությունը Լիբանանի տարածքում», - հայտարարում էր Ֆրանսիայի նախագահը:

Արդյո՞ք Հարիրիի ուղևորությունը Փարիզ նշանակում է, որ Ֆրանսիան նրան քաղաքական ապաստան է տրամադրում․ լրագրողների այս հարցին Մակրոնը միանշանակ բացասական պատասխան է տալիս: «Ոչ, բացարձակապես ոչ: Իրականում ես հուսով եմ, որ իրադրությունը Լիբանանում ամբողջությամբ կհանդարտվի, և երկրի պետական համակարգի շրջանակներում քաղաքական որոշումներ կկայացվեն: Ուժեղ Լիբանանը, այդ երկրի տարածքային ամբողջականությունը անհրաժեշտություն են: Կարևոր է նաև այնպիսի քաղաքական գործիչների առկայությունը, որոնք ի վիճակի կլինեն ազատորեն որոշումներ կայացնել և նույնքան ազատորեն խոսել դրանց մասին», - հայտարարում էր Ֆրանսիայի նախագահը:

Ներքաղաքական ճգնաժամը Լիբանանում ծագեց նոյեմբերի 4-ին, երբ վարչապետ Սաադ Հարիրին Էր-Ռիյադ կատարած աշխատանքային այցի ընթացքում անսպասելիորեն հայտարարեց իր հրաժարականի մասին: Այդ քայլը Հարիրին պատճառաբանում էր Լիբանանի տարածքում իր կյանքին սպառնացող վտանգով և Իրանի որդեգրած ապակառուցողական քայլերով: Լիբանանցի քաղաքական գործիչները, այդ թվում՝ Սաադ Հարիրիի թիմակիցների մեծ մասը, վստահ են, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները վարչապետին ստիպել էին հրաժարական ներկայացնել: Արևմտյան մի շարք աղբյուրների պնդմամբ՝ Սաուդյան Արաբիան դժգոհ էր Լիբանանում Իրանի ազդեցության աճից և դրա սահմանափակմանն ուղղված՝ Հարիրիի ձեռնարկած քայլերի անարդյունավետությունից: Սաուդյան Արաբիայի իշխանությունները, սակայն, շարունակում են կտրականապես հերքել, թե Հարիրիին ուժով են պահում թագավորության տարածքում:

«Վարչապետ Սաադ Հարիրին սեփական կամքով է շարունակում մնալ Սաուդյան Արաբիայում գտնվող իր առանձնատանը: Նա հայտարարել է իր հրաժարականի մասին: Ինչ վերաբերում է նրա վերադարձին Լիբանան, ապա դա կախված է, թե ինչպես ինքը` Սաադ Հարիրին, կգնահատի իր իսկ անվտանգության շուրջ ստեղծված կացությունը: Նման որոշումներ կայացնողը Սաադ Հարիրին է», - Ֆրանսիայի արտգործնախարարի հետ այսօր կեսօրին կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարում էր Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել Ալ-Ջուբեյրը:

Լիբանանում ակնկալում են, որ Փարիզ մեկնելուց հետո Հարիրին կուղևորվի հայրենիք, որտեղ էլ նրա ղեկավարած կառավարության ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի: Այս մասին այսօր Twitter-ի իր էջում գրել է Լիբանանի նախագահ Միշել Աունը:

«Ես սպասում եմ վարչապետ Հարիրիի վերադարձին Փարիզից, որպեսզի հստակեցվեն նրա կառավարությանը վերաբերող հաջորդ քայլերը», - գրել է Լիբանանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG