Մատչելիության հղումներ

Բալահովիտում կրակոցներ են հնչել․ հարուցվել է քրգործ, կա ձերբակալված


Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Բալահովիտ գյուղի կաթի գործարանի մոտ զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները, բոլոր մասնակիցների ինքնությունը։ Երկու անձի ձերբակալելու որոշում է կայացվել։

Քննչական կոմիտեի հաղորդագության համաձայն՝ նոյեմբերի 12-ին ժամը 01:15 ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի կաթի գործարանի մոտ կրակոցներ են հնչել, ինչից մոտ մեկ ժամ անց Աբովյան բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ծնկան հոդի, ճակատի և ծոծորակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, գանգուղեղի փակ վնասվածք, ցնցում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի 17-ամյա մի բնակիչ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ անչափահասը մարմնական վնասվածքն ստացել է Բալահովիտ գյուղի կաթի գործարանի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են երկու պարկուճ, մահակներ, մետաղյա ձողեր և արնանման հետքեր:

Դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որը նոյեմբերի 12-ին ստացվել և վարույթ է ընդունվել Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում։

«Նախնական քննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդների միջև վիճաբանությունն սկսվել է նոյեմբերի 11-ի երեկոյան «Գետափ» ռեստորանի մոտ, որտեղ երիտասարդները մասնակցել են հարսանյաց հանդեսի։ Երգիչներից մեկի համերգային համարի պատճառով առաջացել է վիճաբանություն, ինչը շարունակվել է Բալահովիտի կաթի գործարանի մոտ՝ վերաճելով խուլիգանության, որին մասնակցել են նաև այլ անձինք», - ասված է հաղորդագրությունում:

Բալահովիտի անչափահաս բնակիչը ճանաչվել է տուժող։

Ըստ Քննչական կոմիտեի՝ քննությամբ պարզվել է խուլիգանությանը մասնակցություն ունեցած անձանցից երկուսի ինքնությունը, որոնցից մեկը՝ ծնված 1995թ., ձերբակալվել է, ևս մեկին՝ ծնված 1998թ., ձերբակալելու որոշում է կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության Կոտայքի բաժնի համապատասխան ծառայողներին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ միջադեպի բոլոր մասնակիցներին պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG