Երևանի տարբեր տոնավաճառների մի քանի տասնյակ առևտրականներ բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շենքի մոտ։
Ցուցարարները հայտարարեցին, որ Պետական եկամուտների կոմիտեն կոշտ վարչարարություն է իրականացնում իրենց նկատմամբ։
«Մենք նամակ ենք տվել ստորագրահավաքների հետ միասին չորս կուսակցություններին և պահանջել ենք, որ մեզ հետ վարվեն արդարացի, էս բռնությունները վերանան վերջապես։ Վարչապետի ու ՊԵԿ նախագահի կոշտ-կոպիտ արտահայտությունները մարդկանց ցավեցրել են», - «Ազատություն» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը։
Սա առևտրականների թվով երկրորդ բողոքի ցույցն է։ Հոկտեմբերի 31-ին ցուցարարները կրկին Ազգային ժողովի շենքի մոտ էին։ Նրանք պահանջում էին փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում և կրճատել փաստաթղթաշրջանառությունը:
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն, ի պատասխան ցուցարարների բողոքի, այդ օրը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե առևտրականները փորձում են թաքցնել իրենց շրջանառությունը։ «Օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է հարկերը բոլորը վճարեն: Հարկերից խուսափելու առումով, եթե դիմում են նման ակցիաների, դուք էլ պետք է հասկանաք, ու դուք ինքներդ պետք է կանգնեք մեր կողքին, և բոլոր էն մարդիկ, որ խուսափում են հարկերից, ոչ թե դրանց քաջալերեք, այլ բացատրեք, որ չի կարելի հարկ չվճարելով, միտինգ անելով, ակցիա անելով խուսափել հարկերից: Դա բացառվում ա», - ասել էր ՊԵԿ նախագահը:
Մանրամասներն՝ ավելի ուշ