Մատչելիության հղումներ

«Մեր նպատակը չի՝ վնասել կրթությանը». ԱԺ-ում շարունակվում է զինծառայության մասին օրինագծի քննարկումը


«Մեր նպատակը չի՝ վնասել կրթությանը», - այսօր Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Մեր նպատակը չի՝ վնասել կրթությանը, և մեր նպատակն էլ չի՝ ամեն գնով տանել ծառայության։ Մեր նպատակն է սեղմել այն բոլոր խողովակները, որտեղից տարբեր պատրվակով կարող են խուսափումներ լինել և, ցավոք, եղել են, և դրան զուգահեռ՝ նաև սեղմել այն խողովակները, որ այստեղից խուսափողները կարող են մեկ այլ ճանապարհներ փնտրել», - ասաց Զաքարյանը՝ շարունակելով. - «Մենք այս պահին մոտ 31 կառավարության որոշում պետք է նախապատրաստենք՝ հստակեցնելու բոլոր կարգերը, և 30 պաշտպանության նախարարի հրամաններ՝ նորմատիվային բնույթի, որով նաև շարունակություն է ստանալու կարգավորման գործընթացը»։

Անդրադառնալով հացադուլավորներին՝ պաշտպանության փոխնախարարն ասաց. - «Ես կոչ եմ անում մեր երիտասարդներին՝ շատ հասկանալով իրենց պահանջը, բողոքը, դիրքորոշումը շատ գնահատելով, կոչ եմ անում, որ սա այն ճանապարհը չէ՝ հացադուլը, որով կարելի է հասնել այս ցավոտ համապետական նշանակության խնդիրներին»։

Ազգային ժողովում օրինագծի շուրջ քննարկումները շարունակվում են։

Նշենք, որ գրեթե մեկ շաբաթ է ուսանողները դասադուլ են անցկացնում՝ բողոքելով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։ Նրանք պնդում են, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»՝ առաջին ընթերցմամբ արդեն ընդունված օրենքի նախագիծը կարող է խոչընդոտել գիտության զարգացմանը։ Դասադուլավորներից հինգն այսօր հացադուլ հայտարարեցին։

Հիշեցնենք՝ համաձայն առաջարկվող օրինագծի, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG