Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Երևան, 6-ը հոկտեմբերի, 2017թ.
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Երևան, 6-ը հոկտեմբերի, 2017թ.

Այսօր Մոսկվայում նախատեսված է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովի, ամերիկացի Էնդրյու Շեֆերի և ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտիի հետ: Հանդիպմանը ներկա կլինի նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Լուրը երեկ հաստատել է Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Տիգրան Բալայանը:

Գալիք հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 16-ին, նման ձևաչափով հանդիպում կանցկացնի նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ով ասել է, որ Մոսկվան է հանդես եկել եռակողմ հանդիպման նախաձեռնությամբ:

Անցած շաբաթավերջին Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ ելնելով ժնևյան գագաթնաժողովի արդյունքներից, միջնորդները ծրագրում են Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպում, որը կարող է տեղի ունենալ մինչև այս տարեվերջ: «Այդ շփումները պլանավորված են», - ասել է Զախարովան:

Մոտ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումն անցած մեկևկես տարվա ընթացքում, որից հետո Մինսկի խմբի համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները հայտնել են, որ նախագահները համաձայնել են ձեռնարկել լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ միջոցներ և ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

Ըստ միջնորդների, այդ հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել: Նշենք, սակայն, որ գրեթե անմիջապես ժնևյան հանդիպումից հետո շփման գծում հրադադարի ռեժիմը մի քանի անգամ խախտվել է, և հայկական ու ադրբեջանական կողմերը առնվազն մեկական զինծառայող են կորցրել:

Մինչդեռ, Փարիզում նոյեմբերի 16-ին նախատեսված՝ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի գծով ԵԽԽՎ-ի Մոնիտորինգային կոմիտեի հետ հետաձգվում է: Այդ մասին հաղորդել է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը: Հետաձգումը բացատրվում է այդ ժամանակահատվածում երկու երկրների արտգործնախարարների մոսկովյան հանդիպումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG