Մատչելիության հղումներ

105 կգ հերոինի գործով մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի քաղաքացի վարորդին, հայաստանցիների մասնակցության տվյալներ չկան․ ԱԱԾ


Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցների կողմից բացահայտված՝ մաքսանենգ ճանապարհով Իրանից առանձնապես խոշոր չափերով «հերոին» թմրամիջոցի Հայաստան ներկրման դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչությունում այս տարվա հուլիսի 10-ին հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ԱԱԾ-ը, ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն, «համապատասխան օպերատիվ և քննչական գործողություններ իրականացնելուց հետո, նախաքննական գաղտնիքն ապահովելով, այս փուլում արդեն իսկ նպատակահարմար է գտնում հանրությանը իրազեկել, որ 105 կգ 100 գ բրուտտո և 101 կգ 830 գ 160 մգ նետտո քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցն Իրանի Իսլամական Հանրապետությունում փաթեթավորվել է թվով 204 բրիկետների մեջ, թաքցվել օտարերկրյա կազմակերպության անվամբ հաշվառված բեռնատարին ամրակցված կցորդի դիմային աջակողմյան հատվածում հատուկ հարմարեցված թաքստոցում, և գործով դեռևս չպարզված՝ ազգությամբ քուրդ երեք անձանց կողմից նշված բեռնատարի վարորդ՝ միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացուն համապատասխան վարձատրության դիմաց պատվիրվել է այն Հայաստանի տարածքով փոխադրել Վրաստան»։ Հուլիսի 9-ին բեռնատարը հատել է Հայաստանի պետական սահմանը և մտել «Մեղրի» մաքսակետ, սակայն տարանցիկ եղանակով Հայաստանի տարածքով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձը կանխվել է։

«Թմրամիջոցի մաքսանենգությանը ՀՀ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ տվյալներ ներկայումս ձեռք չեն բերվել, և ըստ նախնական տեղեկությունների՝ թմրամիջոցի նշված խմբաքանակը նախատեսված է եղել հետագայում ջրային տրանսպորտով տեղափոխել Եվրոպա՝ թմրաբիզնեսի անդրազգային հանցավոր խմբավորման կողմից վերահսկվող ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Թմրամիջոցը փոխադրողին, որը, ինչպես ԱԱԾ նախորդ հաղորդագրությունում էր նշված, Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրն է, մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ «թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը՝ առանձնապես խոշոր չափերով», և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ «թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը՝ առանձնապես խոշոր չափերով», նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործով ապահովվել է մեղադրյալի պաշտպանության իրավունքը, նախաքննական մարմնի կողմից Հայաստանի արտգործնախարարության միջոցով սահմանված կարգով իրազեկվել են Թուրքիայի իշխանությունները` այդ երկրի քաղաքացու ձերբակալման մասին: Առաջադրված մեղադրանքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել և տվել է դեպքի հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ: Քննությամբ ձեռք բերված վերոհիշյալ տեղեկությունները ստուգելու և մաքսանենգության մյուս մասնակիցների՝ առաքողների ու դրա հասցեատերերի ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ քննչական գործողություններ և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իրավական օգնություն ցուցաբերելու պահանջներ են ուղարկվել վերը նշված մաքսանենգության դեպքին առնչվող երկրների իրավապահ մարմիններին։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Բացի վերը նշվածը՝ 2017 թվականի ինը ամիսների ընթացքում Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության 8 դեպքի վերաբերյալ քրեական գործեր, որոնցով, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և առգրավվել են` շուրջ 2 կգ «հերոին», 14 կգ «ափիոն» և 3 կգ «մետամֆետամին»:

«Մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները Հայաստանի Հանրապետություն են ներկրվել՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ 3 դեպքում, Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 1 դեպքում, Թուրքիայից և Նիդեռլանդներից՝ 1-ական դեպքերում։ Ընդ որում, Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվել են «մետամֆետամին», «ափիոն» և «հերոին», ԱՄՆ-ից՝ «մետամֆետամին», Թուրքիայից՝ «մետամֆետամին» և «հերոին», Նիդեռլանդներից՝ «հերոին», և բոլոր դեպքերում թմրամիջոցները մաքսանենգ ճանապարհով ՀՀ են ներկրվել մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով», - ասված է հաղորդագրությունում:

«Վերը նշված 8 դեպքերից 2-ը Հայաստանից Կանադա մաքսանենգությամբ թմրամիջոցի արտահանման փորձ է, ընդ որում՝ նախատեսված է եղել նշված երկիր արտահանել շուրջ 8.5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց՝ փոստային առաքման միջոցով, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքը որպես տարանցիկ ուղի օգտագործելու անդրազգային հանցավոր խմբավորումների այդ փորձերը նույնպես ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կանխվել են: Հարուցված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 15 անձ, որից՝ 7-ը` ՀՀ, իսկ 8-ը՝ ԻԻՀ քաղաքացիներ: Նշված քրեական գործերից 7-ը մեղադրական եզրակացությամբ 13 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ Հայտնաբերված և առգրավված թմրամիջոցները ճանաչվել են իրեղեն ապացույց և հանձնվել պատասխանատու պահպանման՝ մինչև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դրանց հարցի լուծման վերաբերյալ դատական ակտերի կայացումը», - հաղորդում է ԱԱԾ-ը:

Թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը կանխարգելելու, դրա դեմ տարվող պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը համագործակցում է Հայաստանի իրավապահ մյուս մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների իրավասու ծառայությունների հետ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG