Մատչելիության հղումներ

Մեղադրող դատախազը 7 տարվա ազատազրկում պահանջեց Սամվել Բաբայանի համար


Սամվել Բաբայանը դատարանի դահլիճում, արխիվ
Սամվել Բաբայանը դատարանի դահլիճում, արխիվ

Մեղադրող դատախազը պահանջեց 7 տարվա ազատազրկման դատապարտել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին՝ պատժի սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ 2017 թվականի մարտի 22-ից։

Դատախազը պահանջեց Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ մինչև սույն գործով կայացվելիք դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

«Բաբայանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասով [հանցակցություն՝ ապօրինի կերպով զենք և զինամթերք ձեռք բերելուն, իրացնելուն, պահելուն, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ] և Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով [«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4 կետերով նախատեսված արարքներից որևէ մեկի կատարումը, որը առաջացրել է զգալի չափով վնաս] նախատեսված հանցագործությունների կատարման մեջ։ Նրա նկատմամբ նշանակել պատիժ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում 4 տարի ժամկետով, և 190-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում 4 տարի ժամկետով, Քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառումով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելով ամբաստանյալ Բաբայանի նկատմամբ որպես վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 7 տարի ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրա փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ 2017 թվականի մարտի 22-ից։ Ամբաստանյալ Սամվել Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ մինչև սույն գործով կայացվելիք դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը», - հայտարարեց դատախազը։

Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը ընդդիմադիր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր էր և ձերբակալվել էր մարտի 22-ին, խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ:

Բաբայանը մեղադրվում է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա փորձել է հանցավոր ճանապարհով Ռուսաստանից ստացված՝ օրինական շրջնառությունից դուրս եկած և հատուկ ներկանյութով ներկված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկել՝ հետագայում դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով: Բաբայանն ինչպես այս, այնպես էլ «Իգլա» ձեռք բերելու հետ կապված մեղադրանքները չի ընդունում: Այսօր դատարանի դահլիճում նա նաև հայտարարեց՝ շուտով հանրությունն ամեն ինչ կիմանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG