Մատչելիության հղումներ

ԱՄՆ և Թուրքիայի ղեկավարները համակարծիք են նոր «կառուցողական երկխոսություն» անցկացնելու հարցում


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը երեկ Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպման ընթացքում «խորը մտահոգություն» է հայտնել Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների և ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների ձերբակալությունների կապակցությամբ: Այս մասին ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում:

Փենսն ու Յըլդըրըմը, միևնույն ժամանակ, «հույս են հայտնել, որ իրենց հանդիպումը կնպաստի թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր սկզբին»:

Երկու առաջնորդները նաև համակարծիք են նոր «կառուցողական երկխոսություն» անցկացնելու հարցում:

Ինչպես փոխանցում է թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի վարչապետի մամուլի ծառայությունը, Յըլդըրըմը Փենսի հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե Վաշինգտոնն ընդառաջի Անկարային անհանգստացնող մի շարք հարցերում, ապա երկու երկրների հարաբերություններում կարող է նոր էջ բացվել:

ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների հարաբերությունները է՛լ ավելի սրվեցին, երբ հոկտեմբերին Թուրքիան ձերբակալեց ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցներից մեկին՝ լրտեսության ու ամերիկյան Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG