Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետին այսօր կընդունի ԱՄՆ փոխնախագահը


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ

Մի քանի ժամից Վաշինգտոնում կմեկնարկեն Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի բանակցությունները:

Թուրքական կառավարության ղեկավարը Միացյալ Նահանգներ է ժամանել նոյեմբերի 7-ին` երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք թեմաներ քննարկելու նպատակով: Յըլդըրըմին այցի ընթացքում ուղեկցում են թուրքական կառավարության մի շարք առանցքային անդամներ` այդ թվում արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան:

Չորեքշաբթի օրը Թուրքիայի վարչապետը հանդիպեց ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերի հետ:

«Մենք խնդիրների բավական լայն շրջանակի անդրադարձանք` այդ թվում երկկողմ հարաբերություններում առկա մի շարք առանձնահատուկ հարցերի: Ամերիկա-թուրքական հարաբերություններում բավական մեծ թվով խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն», - հայտարարում էր ամերիկացի սենատորը:

Թուրքական մամուլի տեղեկություններով՝ Յըլդըրըմի ամերիկյան այցի ընթացքում կողմերը քննարկում են Փենսիլվանիայում բնակվող իսլամիստ գործիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման հեռանկարները, մայիսին Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Թուրքիայի նախագահի թիկնազորի անդամների դեմ հարուցված քրեական գործերի ընթացքը, ինչպես ամերիկյան հյուպատոսարանի երկու թուրք աշխատակիցների ձերբակալության և դրան հետևած՝ մուտքի վիզաների տրամադրման դադարեցման փաստերը:

Վերջին խնդրում, սակայն, որոշակի առաջընթաց նկատվում է: Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Անկարան և Վաշինգտոնը մասամբ վերսկսել են վիզաների տրամադրումը:

Անդրադառնալով այդ որոշմանը՝ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը հայտարարում էր․ - «Այս փուլում մենք նախապատվություն ենք տալիս բուժման, մարդասիրական կամ ուսման նպատակներով Միացյալ Նահանգներ մեկնել ցանկացողներին: Սա քայլ է ճիշտ ուղղությամբ: Դրա հետ մեկտեղ, ամերիկյան հյուպատոսության երկու տեղացի աշխատակիցները շարունակում են կալանքի տակ մնալ: Բայց այդ մարդիկ պարզապես կատարել են իրենց աշխատանքային պարտականությունները: Թուրքիան սխալ է գործում, երբ իրենց աշխատանքն իրականացնող անձանց ձերբակալում է` պնդելով, որ նրանք օրենք են խախտել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG