Մատչելիության հղումներ

Թրամփն ու Պուտինը Վիետնամում առանձին հանդիպում չեն անցկացնի․ Սպիտակ տուն


Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը Վիետնամում Ասիական-խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթնաժողովի շրջանակում առանձին հանդիպում չեն անցկացնի՝ ժամանակացույցի անհամապատասխանության պատճառով, ուրբաթ օրը հայտնել է Սպիտակ տունը:

«Ինչ վերաբերում է Պուտինի հետ հանդիպմանը, մենք չէինք հաստատել, և այն տեղի չի ունենա՝ երկու կողմերի ժամանակացույցի անհամապատասխանության պատճառով», - լրագրողների հետ զրույցում ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը՝ ընդգծելով, որ Թրամփի և Պուտինի միջև ոչ պաշտոնական զրույց, այդուհանդերձ, չի բացառվում, քանի որ երկու առաջնորդները «նույն ժամին լինելու են նույն վայրում»:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, իր հերթին, ռուսաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ Ասիական-խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, որը նախատեսված է նոյեմբերի 10-11-ը, Պուտինի և Թրամփի հանդիպման համաձայնեցումը շարունակվում է, «սակայն առայժմ հստակություն չկա»:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը, լրագրողների հետ զրույցում անդադառնալով ռուսաստանցի պաշտոնակցի հետ հնարավոր հանդիպմանը, ասել էր, թե «կցանկանար Պուտինի օգնությունը ստանալ» հյուսիսկորեական ճգնաժամը կարգավորելու հարցում, ինչպես նաև քննարկել Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունները:

ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թրամփը մեկ անգամ է հանդիպել Պուտինի հետ՝ հուլիսի 7-ին Համբուրգում, Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG