Մատչելիության հղումներ

Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեում հայտնաբերված խախտումների առնչությամբ քրգործ է հարուցվել


Բազմաբնակարան բազմահարկ շենքեր Երևանում, արխիվ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում ներդրված ARPIS էլեկտրոնային համակարգում չեն վերծանվել 2013-2017 թվականների հաշվետու եռամսյակների վերջին օրերի գործարքները՝ համակարգը վերծանել է մինչև եռամսյակի վերջին օրվա գործարքները: Արդյունքում, ինչպես հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը, Հայաստանի տարածքում կատարված անշարժ գույքի 3204 գործարքների վերաբերյալ տեղեկությունները չեն արտացոլվել եռամսյակային հաշվետվություններում և չեն ներկայացվել կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ):

Մասնավորապես, հաղորդագրության համաձայն, նշված էլեկտրոնային համակարգում չեն վերծանվել տնտեսվարող սուբյեկտների կողմից կատարված՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա ընդհանուր 1 միլիարդ 108 միլիոն 58 հազար 395 դրամ կադաստրային և 3 միլիարդ 258 միլիոն 931 հազար 861 դրամ պայմանագրային արժեքով թվով 110 գործարքների և ֆիզիկական անձանց կողմից կատարված՝ 76 հասարակական, արտադրական նշանակության՝ ընդհանուր 1 միլիարդ 92 միլիոն 450 հազար 19 դրամ կադաստրային և 1 միլիարդ 73 միլիոն 993 հազար 510 դրամ պայմանագրային արժեքով անշարժ գույքի նկատմամբ գործարքները, ինչի հետևանքով պետական լիազոր մարմինը տարիներ շարունակ զրկվել է հարկերի գանձման գործառույթներն օրենքով սահմանված կարգով պատշաճ իրականացնելու հնարավորությունից:

Ստացված տվյալները տրամադրվել են ՊԵԿ-ին, և հանձնարարվել է պարզել հարկման ենթակա այն գործարքները, որոնցով չեն հաշվարկվել և չեն գանձվել հարկման ենթակա գումարները:

Ուսումնասիրության ներկա փուլում արդեն իսկ ստացված փաստական տվյալների համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից կատարված հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույքի նկատմամբ 58 միլիոն 350 հազար դրամը գերազանցող 5 գործարքներ` ընդհանուր 682 միլիոն 699 հազար 420 դրամ արժեքով, չեն հայտարարագրվել, և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր շուրջ 78 միլիոն 189 հազար 884 դրամ ԱԱՀ-ի գումար՝ առանց տույժ տուգանքի: Իսկ տնտեսվարող սուբյեկտների կողմից կատարված` ընդհանուր 7 միլիոն 859 հազար դրամ արժեքով 3 գործարքներով հաշվարկներ չներկայացվելու հետևանքով պետական բյուջե չի վճարվել ընդհանուր շուրջ 1 միլիոն 571 հազար 800 դրամ ԱԱՀ գումար՝ առանց տույժ-տուգանքի (այդ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը դադարեցված է):

«ՀՀ ՊԵԿ-ի կողմից ստուգումները շարունակվում են: Սակայն, նկատի ունենալով, որ արդեն իսկ հայտնաբերված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով պետության օրինական շահերին առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառվել, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին», - ասված է հաղորդագրությունում:

2011 թվականից անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկությունները կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից առցանց ռեժիմով, ՎԵԲ ծառայության միջոցով, յուրաքանչյուր եռամսյակ ՊԵԿ ներկայացնելու պարտադիր պահանջը սահմանվել է կառավարության 2010 թվականի որոշմամբ:

Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է առավելագույնը հինգ տարով ազատազրկում պաշտոնեական անփութության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG