Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը՝ նոյեմբերի 5-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ահազանգ է ստացվել թիվ 30/08 ընտրական տեղամասում զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ: Դեպքի առթիվ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնում Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր:
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ընտրությունների ժամանակ խոչընդոտվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրված՝ «Ցայգ» հեռուստաընկերության ներկայացուցիչներ Ալլա Բաղդասարյանի և Արթուր Մարգարյանի աշխատանքը: «Մասնավորապես, 2017 թվականի նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, երբ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում տեղակայված թիվ 30/08 ընտրատեղամասի մոտ «Ցայգ» հեռուստաընկերության ներկայացուցիչ՝ օպերատոր Արթուր Մարգարյանը տեսանկարահանել է ընտրատեղամասի հարակից տարածքում կայանված ավտոմեքենաները, այնուհետև տեսախցիկն ուղղել է քաղաքացի Պ.Է.-ի ուղղությամբ, վերջինս օպերատորից պահանջել է չնկարահանել իրեն, այնուհետև ձեռքով հրել է տեսախցիկը», - ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ երեկ Շիրակի մարզի դատախազությունում Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի («Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը») 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է՝ Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար: