Մատչելիության հղումներ

«Եթե գրում ենք, որ միջնակարգ կրթությունն անվճար է, պետք է երաշխավորենք այդ անվճարությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն՝ անդրադառնալով դպրոցներում դասագրքերի վարձակալման խնդրին։

«Օրինակի համար ինչո՞ւ երեխաները չեն վճարում համակարգչից օգտվելու համար, կամ՝ ջեռուցման համար, հոսանքի համար, բայց պետք է վճարեն դասագրքերի համար», - ասաց Խաչատրյանն՝ ընդգծելով, որ դասագրքերի վարձակալական համակարգը լավ լուծում էր մոտ 20 տարի առաջվա համար։

«Մեր ամենաառաջին բարեփոխումներից մեկը մոտ 20 տարի առաջ հենց դասագրքերի վարձակալական համակարգի ներդրումն էր։ Այդ ժամանակ Հայաստանի բյուջեում իսկապես շատ ծանր վիճակ էր՝ գումար չկար, մյուս կողմից հասարակության վիճակն էլ շատ վատ էր և վճարունակ չէին, իսկ գիրքը բավականին թանկ էր, դրա համար որոշվեց ներդնել վարձակալական համակարգ, որի դեպքում ծնողը վճարում էր դասագրքի արժեքի 25 տոկոսը և չորս տարի աշակերտներն օգտագործում էին այդ դասագրքերը, հետո այդ գումարը հավաքվում էր, տպագրվում էր նոր տարբերակն այդ դասագրքի։ Այդ տարիների համար դա բավական լավ լուծում էր », - ասաց Խաչատրյանը։

Հիմա, ըստ կրթության փորձագետի, այս հարցը վերանայման կարիք ունի։ «Ես իրավաբան չեմ, զուտ կրթական տեսանկյունից փորձեմ հարցին նայել՝ տրամաբանորեն ստացվում է այնպես, որ իսկապես դասագրքերը պետք է անվճար լինեն, որովհետև կարո՞ղ ենք մենք կազմակերպել միջնակարգ կրթություն առանց դասագրքերի` չենք կարող, հետևաբար` եթե միջնակարգ կրթությունն անվճար է, իսկ առանց դասագրքերի կրթությունը հնարավոր չէ կազմակերպել, ուրեմն դասագրքերը նույնպես պետք է լինեն անվճար, կամ պետք է փոփոխություն արվի Սահմանադրության որոշակի կետում», - ասաց փորձագետը։

Նա, սակայն, այստեղ մտահոգություն ունի՝ փոփոխության դեպքում կրթության ոլորտում մի քանի միլիոն դրամ ներդնելու խնդիր կլինի, իսկ նոր բյուջեով նախատեսվում է կրթության ֆինանսավորման կրճատում։ «Դա ամենացավալի հարցն է, ես ինքս շատ դեմ եմ այդ որոշմանը», - ասաց Սերոբ Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ պարզելու դպրոցական դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության հարցը։

Ըստ օմբուդսմենի, «Կրթության մասին» օրենքը սահմանում է, որ անվճար դասագիրք են ստանում միայն 1-4 դասարանների աշակերտները, այնինչ մայր օրենքի 38-րդ հոդվածում գրված է, որ «պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG