Մատչելիության հղումներ

Պոլսահայ համայնքի երկընտրանքը՝ նոր պատրիարք ընտրելիս


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Մի քանի տարի շարունակ Ստամբուլում խոշոր վեճ էր հասունանում պոլսահայ համայնքի անդամների միջև՝ Հայոց նոր պատրիարքի ընտրության ծրագրերի շուրջ:

Առճակատումը պատմական խոր արմատներ ունի և վերջերս ավելի է սրվել Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդության կապակցությամբ, որն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները Ալցհեյմերի հիվանդության պատճառով:

Երբ պոլսահայ համայնքի որոշ անդամներ փորձեցին նոր պատրիարք ընտրել անգործունակ Մեսրոպ պատրիարքին փոխարինելու համար, Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ քանի դեռ գործող պատրիարքը ողջ է, նոր պատրիարք չի կարող ընտրվել: Նույնիսկ աթոռակից պատրիարք ընտրելու խնդրանքը մերժվեց Ստամբուլի նահանգապետի կողմից։

Թուրքիայի իշխանությունները օգտվեցին այն պատրվակից, որ հայ համայնքի 1863թ. ազգային սահմանադրությամբ նախատեսված չէ աթոռակից պատրիարքի պաշտոն։ Սակայն խնդիրն այն է, որ տասնամյակներ առաջ թուրքական կառավարությունն անվավեր էր ճանաչել այդ սահմանադրությունը։ Եթե կառավարությունն իր որոշումը կայացնում է չգործող սահմանադրության հիման վրա, ուրեմն նա ճանաչում է դրա վավերականությունը։ Եթե սահմանադրությունը վավերական է, ուրեմն հայ համայնքն իրավունք ունի ընտրելու պատվիրակներ, որոնք էլ իրենց հերթին կարող են ընտրել նոր պատրիարք։ Ցավոք, հայ համայնքը չմտածեց այս հակասությունը թուրքական կառավարության ուշադրությանը ներկայացնելու մասին:

Մենք հիշում ենք, որ Մեսրոպ պատրիարքը մինչ 1998թ. իր ընտրությունը նույնպես արժանացավ թուրքական իշխանությունների դիմադրությանը։ Ի վերջո, նա գնաց Անկարա և «գործարք կնքեց» փակ դռների հետևում թուրք պաշտոնյաների հետ, ինչը նրան հնարավորություն տվեց պատրիարք ընտրվել։ Շուտով նա սկսեց աջակցել տարբեր թուրքական հարցերի, ներառյալ այցելություններ Արևմտյան Եվրոպայի երկրներ՝ հանդես գալով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին, և մի շարք այցելություններ Միացյալ Նահանգներ՝ թուրքական իշխանությունների խնդրանքով հրապարակային ելույթներ ունենալու համար:

Այս տարվա սկզբին պոլսահայ համայնքի մի քանի անդամներ որոշեցին նոր պատրիարք ընտրելու մեկ այլ փորձ կատարել, որի շարժառիթը պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հանդեպ իրենց դժգոհությունն էր և լիարժեք պատրիարք ունենալու ցանկությունը։ Խնդիրն այն էր, որ արք. Աթեշյանը չհրաժարվեց իր պաշտոնից, փակում էր նոր ընտրությունների դուռը․․․ Տեղական և համաշխարհային հայության, մասնավորապես Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի կողմից ճնշումներից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ արք. Աթեշյանը հրաժարական կտա և տեղապահ կընտրվի Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արք․ Բեքչյանը՝ նոր պատրիարքի ընտրությունները կազմակերպելու համար։

Այս համաձայնությունից շատ չանցած, մի խումբ հայտնի պոլսահայեր հանձնաժողով ստեղծեցին պատրիարքի ընտրությունները նախաձեռնելու համար, թեև համայնքում բոլորն էլ գիտեին, որ թուրքական իշխանությունները դեմ էին նման ընտրություններին։ Փաստորեն, մինչ արք. Բեքչյանը ընտրվում էր տեղապահ, արք․ Աթեշյանը նամակ ստացավ Ստամբուլի նահանգապետից՝ տեղեկանալով, որ թուրքական իշխանությունը չի ճանաչում արք. Բեքչյանի ընտրությունը և շարունակում է արք. Աթեշյանին համարել օրինական փոխանորդ։ Ցավոք, արք. Աթեշյանն այդ նամակը ներկայացրեց նախաձեռնող մարմնին միայն այն բանից հետո, երբ նրանք արք. Բեքչյանին արդեն ընտրել էին իր պաշտոնում։ Այս դրվագն ավելի խորացրեց թշնամությունը արք. Աթեշյանի դեմ հանդես եկողների մոտ, և նրանք շարունակեցին աջակցել արք. Բեքչյանին։

Այս երկընտրանքի լուծման համար արք. Բեքչյանը նամակ գրեց Ստամբուլի նահանգապետին՝ հանդիպում խնդրելով։ Պատասխանին 60 օր սպասելուց հետո, արք. Բեքչյանը մեկնեց Գերմանիա՝ հանդիպելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ, նրա այցելության ժամանակ։

Մինչ արք. Բեքչյանը գտնվում էր Թուրքիայից դուրս, Ստամբուլի նահանգապետը հանդիպման հրավիրեց արք. Աթեշյանին, Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և նախաձեռնող մարմնի ղեկավարին։ Պարզ էր, որ նահանգապետը չէր ցանկանում հանդիպել արք. Բեքչյանի հետ, ում ընտրությունը նա չէր ճանաչում:

Բանավեճն ավելի սաստկացավ տեղի հայ համայնքի այն անդամների միջև, որոնք իրենց ավելի իրատես էին համարում՝ ընդունելով Թուրքիայի իշխանությունների դերը պատրիարքի ընտրություններում, և նրանց, որոնք մերժում էին թուրքական իշխանությունների ցանկացած միջամտություն։ Արք. Աթեշյանի կողմնակիցները ընդգծում էին՝ անիմաստ է դեմ լինել թուրքական հզոր իշխանությունների ցանկություններին, որոնք ձերբակալել էին ընդդիմության հազարավոր անդամների և նույնիսկ ձեռնոց նետել այնպիսի հզոր երկրների, ինչպիսիք են Գերմանիան և Միացյալ Նահանգները։ Ավելին, արք. Աթեշյանի կողմնակիցները նշում էին, որ եթե Գարեգին երկրորդ կաթողիկոսը կարող է միջամտել Պոլսո պատրիարքարանի՝ ինքնավար հաստատության ընտրություններին, ապա անկախ նրանից, թե որքան անցանկալի է, հասկանալի կլինի, որ Թուրքիայի նախագահը իրավունք կունենա միջամտել իր երկրում տեղի ունեցող ընտրություններին։

Դրությունը ավելի վատթարացավ, երբ մինչ Գերմանիայից արք. Բեքչյանի վերադարձը, նախաձեռնակ մարմնի հինգ անդամները հրաժարական տվեցին Ստամբուլի նահանգապետի հետ ունեցած հանդիպումից հետո։ Հանձնաժողովի մյուս անդամները, մինչ որոշում կայացնելը, ցանկացան սպասել արք. Բեքչյանի վերադարձին։

Արք. Բեքչյանը, Ստամբուլ վերադառնալուց և նախաձեռնող հանձնաժողովի հետ խորհրդակցելուց հետո, հայտարարեց, որ նա նամակ կգրի Թուրքիայի ներքին գործերի նախարարին՝ առերես հանդիպման խնդրանքով։ Հաշվի չառնելով Ստամբուլի նահանգապետի հստակ հրահանգները՝ արք. Բեքչյանը շարունակեց մնալ իր պաշտոնում։

Արք. Բեքչյանի մտադրությունը՝ մասնավոր հանդիպում ունենալու ներքին գործերի նախարարի հետ, հղի է որոգայթներով։ Ինչպես արք. Մութաֆյանի դեպքում, արք. Բեքչյանը ևս կարող է մասնավոր գործարք կնքել նախարարի հետ՝ խոստանալով այսուհետ կատարել թուրքական իշխանությունների հանձնարարությունները։ Արք. Բեքչյանը՝ որպես Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, իր պաշտոնավարման ընթացքում պարբերաբար խոսել է Հայոց ցեղասպանության մասին։

Մյուս տարբերակն այն է, որ արք. Բեքչյանը կարող է հրաժարվել իր պաշտոնից՝ դուռ բացելով արք. Աթեշյանի պատրիարք ընտրվելու համար, որը դեմ կլինի պոլսահայ համայնքի մեծամասնության ցանկություններին, սակայն կհամապատասխանի թուրքական իշխանության նախապատվությանը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Facebook Forum

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG