Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանը աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ


Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Զինված ուժերի 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովի և բարձրաստիճան այլ սպաների ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, դիտարկել մարտական հերթապահության իրականացման պայմանները: Նախարարը ծանոթացել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի աջակցությամբ մարտական հենակետերում և խրամախորշերում իրականացված լրակահավորման և վերամրակցման աշխատանքներին:

Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում բնակիչների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ սահմանամերձ համայնքները մշտապես պետության ուշադրության կենտրոնում են, և արվում է հնարավորը՝ առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Հենց այդ նպատակով է ստեղծվել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման միջգերատեսչական հանձնաժողովը:

Նախարարն անդրադարձել է նաև «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին, ներկայացրել դրանց նպատակներն ու ակնկալվող արդյունքները: «Մեր կողմից առաջարկվող ծրագրերն իրոք շատ են, և դրանց իրականացման համար անհրաժեշտ է մեր ժողովրդի համախմբվածությունը, ուժը, վճռականությունը և իհարկե՝ բոլոր հնարավոր գայթակղություններից և կողքից հնչող չար բամբասանքներից հեռու մնալը», - ասել է Սարգսյանը:

Անդրադառնալով հասարակական լայն հնչեղություն ստացած «Պատիվ ունեմ» ծրագրի դրույթներին և առավելություններին՝ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ չնայած տարատեսակ շահարկումներին, պաշտպանական գերատեսչության խնդիրն է որակական նոր հարթության վրա դնել զորակոչային գործընթացը՝ այլընտրանքային զինվորական ծառայության տարբերակներ առաջարկելով երիտասարդներին:

«Առաջարկվող ծրագրերը մեծ առավելություն են տալու երիտասարդներին՝ թույլ տալով նրանց ծառայության ընթացքում ոչ միայն պահպանել մշտական կապը հարազատների հետ, այլև ստանալ ֆինանսական փոխհատուցում, միևնույն ժամանակ ծառայության տարիներն օգտագործել ի նպաստ իրենց ապագայի կառուցման: «Պատիվ ունեմ» ծրագիրը, որն այս օրերին բուռն քննարկումների առիթ է տվել, նաև այստեղ ներկա երեխաների համար է, ովքեր ապագայում, ծրագրի շնորհիվ, կարողանալու են պետության կողմից ամբողջությամբ փոխատուցված անվճար բարձրագույն կրթություն ստանալ և՛ բակալավրիատուրայում և՛ մագիստրատուրայոմ, ծառայել ոչ թե որպես շարքային, այլ որպես սպա 3 տարի ժամկետով, այնուհետև վերադառնալ իրենց քաղաքացիական կյանքին», - ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Այցի շրջանակում Վիգեն Սարգսյանը ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մասնակցել է «Դպրոց կենտրոնների միության» նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը, որին մասնակցում էին հանրակրթական դպրոցների տնօրեններ բոլոր մարզերից:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է պաշտապանական համակարգում, մասնավորապես՝ «Զինապարտության մասին» օրենքով նախատեսվող հայեցակարգային փոփոխություններին, զորակոչային գործընթացի շրջանակում զորակոչիկներին տրվող բովանդակային մի շարք արտոնություններին: Ի պատասխան հանդիպման մասանակիցներից մեկի այն մտահոգությանը, թե ինչու է նոր օրենսդրությամբ վերացվում 150 կմ շառավղով հեռավորության վրա գտնվող զորամասում ծառայելու արտոնությունը, պաշտպանության նախարարը փաստել է, որ նշյալ արտոնությունը առավելապես ձևական բնույթ է կրում, իսկ այժմ, նոր օրենսդրությամբ, նորովի կարգավորվում է զորակոչիկներին տրվող արտոնությունների գաղափարն ու բովանդակությունը:

Անդրադառնալով մի խումբ ուսանողների հայտարարած դասադուլի հնարավոր պատճառներին և հետևանքներին՝ Վիգեն Սարգսյանը ասել է, որ ժողովրդավարությունը ենթադրում է կարծիքների փոխանակում, երբեմն նաև բախում, սակայն միևնույն ժամանակ ենթադրում է որոշումների կայացում մեծամասնության դիրքորոշմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG