Մատչելիության հղումներ

Անահիտ Բախշյանը՝ Էդուարդ Գրիգորյանի մահվան մասին. «Դիտավորություն չեմ տեսնում»


1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձությունների ժամանակ սպանված Ազգային ժողովի փոխնախագահ Յուրի Բախշյանի կինը՝ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդան ժամանակ՝ պատասխանելով օգտարարետից մեկի հարցին, թե արդյո՞ք պատահականություն է համարում «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանի մահը՝ պատասխանեց՝ որ դիտավորություն չի տեսնում։

«Այդ օրը չխոսեցի, որովհետև էդ պահին չգիտեի, երկու զգացում մեջս բան եղան, ասեցի՝ «դեռ լռի, օրը կգա...», հիմա օրը եկել է և ես ասում եմ՝ դիտավորություն, ճիշտն ասած, չեմ տեսնում», - ասաց Բախշյանը՝ շարունակելով. - «Ես Էդիկի ծնողներին ճանաչում եմ, նրա փոքր եղբայրն իմ փեսայի շատ մոտիկ մանկության ընկերն է և մեր ընտանիքի անդամ է եղել։ Ուզում էի միանգամից ասել՝ «վայ, ցավակցում եմ ծնողներին», ու հիմա ասում եմ՝ «ցավակցում եմ ծնողներին», ոչ թե ցավակցում են, նրա մահվան համար, այլ որ բժիշկ տղան այդպիսի ... ասում էին ինքը սեռի կարդինալ էր, չմոռանանք դաշնակցական էր, բոլորն էլ դաշնակցական էին և այդպես ուղեղը լվացված տղա»։

Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ նա այս գործում կարևոր բացահայտումներ պետք է աներ, Բախշյանն այսպես արձագանքեց. - «Դա 2014 թվին է ասել ու այդպես էլ չի արել։ Ինքը դատարան էլ է եկել ու այդպես էլ չի արել։ Իր նամակը, որ վերջերս Վահան Իշխանյանը հրապարակել էր, այնտեղ էլ շատ հակասական բաներ էր ասել, այն առումով, որ, փաստորեն, իրեն տանջել են, խոշտանգել են, որ կորզեն Սերժ Սարգսյանի, Քոչարյանի դեմ ցուցմունքներ ու ինքը չի ասել։ Է, թող ասեր. կամ չի եղել՝ չի ասել, կամ ... չգիտեմ՝ ինչ էր ուզում ասել։ Դրանից հետո, ասում է Վահանը Իշխանյանը, որ դա վերագրում է Ջհանգիրյանի կողմից այդ գործողությունը հակապետական որակելուն։ Ներողություն, ասեր-չասեր դա հակապետական գործողություն չէ՞ր, պետության գլուխը գլխատելը, ութ հոգու Ազգային ժողովում սպանելը հակապետական չէ՞ր, դա կախված էր նրանից, թե Էդիկը Գրիգորյանն ի՞նչ ցուցմունք պետք է տա՞» - ասաց Բախշյանը՝ շարունակելով. - «Նա էլ, իր ընտանիքն էլ գրվեցին պատմության սև ցուցակում, ինչքան էլ հետո դաշնակները փորձեն սղագրել շատ բաներ, ինչպես արել են ու այսօր էլ անում են, մեկ է, չի հաջողվելու։ Նրանք եղել են դաշնակցական և այդ գործողություններն արել են»։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։ «Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Նորայր Եղիազարյանը, երբ գործը դեռ նախաքննության ընթացքում էր, ըստ պաշտոնական վարկածի` Նուբարաշենի մեկուսարանում էլեկտրահարվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG