Մատչելիության հղումներ

Մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Էդուարդ Գրիգորյանը


Երևան, 27-ը հոկտեմբերի, 1999թ․

Այս գիշեր հիվանդանոցում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակ Գոռ Ղլեչյանը։

Ղլեչյանի խոսքով՝ Գրիգորյանը սրտի շրջանում սուր ցավեր է ունեցել, գիշերը շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ գրանցվել է կենսաբանական մահ։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակի փոխանցմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։ «Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Նորայր Եղիազարյանը, երբ գործը դեռ նախաքննության ընթացքում էր, ըստ պաշտոնական վարկածի` Նուբարաշենի մեկուսարանում էլեկտրահարվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG