Մատչելիության հղումներ

Վերականգնվել է «Պողիկտոս» օպերայի Տիգրան Լևոնյանի բեմադրությունը


Իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան Հայաստանում բեմադրվել է 1993-ի ծանր ժամանակներում՝ մեր լավագույն արվեստագետներից Տիգրան Լևոնյանի կողմից, չափազանց բարձր գնահատականի արժանացել թե՛ հանդիսատեսի, թե՛ երաժշտագետների կողմից և պահպանվել է Ալ․ Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում այնքան ժամանակ, քանի դեռ թատրոնը ղեկավարում էր Տիգրան Լևոնյանը: Սակայն նրա հեռացումից հետո բեմադրությունը հանվեց թատրոնի խաղացանկից: Հետո էլ երկար տարիներ բեմադրության վերականգնման մասին խոսք չկար:

Եվ ահա 2 օր անց՝ նոյեմբերի 9-ին հայ հանդիսատեսը օպերային թատրոնում կրկին հնարավորություն ունի ունկնդրել օպերան․ երկարատև դադարից հետո այն վերականգնված՝ լևոնյանական տարբերակով կրկին կներկայացվի մեր երաժշտասերներին:

«Ազատության» հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանդին Օրբելյանը շեշտեց, որ Լևոնյանի բեմադրությունը վերականգնելու մտահաղացումը եղել է դեռ մինչև իր՝ թատրոնի ղեկավարությունը ստանձնելը․ - «Գաղափարը կար մինչև իմ գալը՝ վերականգնել այս սքանչելի օպերայի՝ Տիգրան Լևոնյանի բեմադրությունը, որը թատրոնի խաղացանկում եղել է 1993-98 թվականներին»:

Կոնստանդին Օրբելյանը նշեց նաև, որ այս ցնցող երաժշտությամբ հրաշալի օպերայի վերակագնված բեմադրությունը մեր առաջնակարգ արտիստների, նվագախմբի, երգչախմբի շնորհիվ անշուշտ կրկին մեծ գնահատականի կարժանանա մեր հանդիսատեսի կողմից: «Գլխավոր դերերգերը մեր լավագույն երգիչներն ուղղակի հիանալի են կատարում», - ասում է Կոնստանդին Օրբելյանը և շեշտում, որ ինչպես Լևոնյանի ժամանակ, այս անգամ ևս կանացի գլխավոր դերերգը՝ Պողիկտոսի տիկնոջ՝ Պաուլինայի դերերգը կկատարի վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանը․ - «Անահիտ Մխիթարյանը երգել է այս օպերան, երբ այն առաջին անգամ էր բեմադրվել, այնպես որ այդ դերերգը, հենց այս բեմադրությամբ, կարելի է ասել, նրա արյան մեջ է»:

Պողիկտոսի դերերգը կատարում է Սարգիս Աղամալյանը, Սևերոսին մարմնավորելու է Առնոլդ Քոչարյանը՝ երկուսն էլ վաստակավոր արտիստներ: Բեմ դուրս կգան նաև Հայկ Տիգրանյանը, Տիգրան Կոնինյանը, Արմեն Զաքյանը և այլ առաջատար երգիչներ: Ներկայացումը վերականգնել է ռեժիսոր Ժաննա Թամիզյանը:

«Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք վերակագնել այս բեմադրությունը, որի դեկորացիաները շատ գեղեցիկ են: Նրանք, ովքեր հիշում են լևոնյանական բեմադրությունը, գիտեն, որ առհասարակ այն չափազանց գունեղ և հարուստ բեմականացում է և՛ այն ժամանակների, և՛ մեր օրերի համար: Չգիտեմ, թե ինչու այն չէր բեմադրվում այլևս 1999 թվականից հետո», - ասաց Կոնստանտին Օրբելյանը:

Դոնիցետտի երեք գործողությամբ այս օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մելիտենե, ներկայիս Մալաթիա քաղաքում ապրած ազգությամբ հայ ազնվական Պողիկտոսի կյանքի ողբերգական պատմությունը՝ ընդհուպ մինչև նրա մարտիրոսական մահը քրիստոնեություն ընդունելու պատճառով: Ի դեպ, այս օպերան Հայաստանում առաջին անգամ բեմադրվել էր հենց Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի կապակցությամբ: Օպերայի պարտիտուրան Հայաստան է բերվել դեռ 1970-ական թվականներին Վատիկանի գրադարանից՝ Վազգեն Առաջինի և Հռոմի Պապի բանակցությունների շնորհիվ:

Կոնստանդին Օրբելյանը նկատում էր, որ համանուն օպերա գրել է նաև Գունոն և չի բացառում, որ մեր օպերայի թատրոնը հետագայում Գունոյի «Պողիտոսը» նույնպես բեմադրի: Նա պատմեց, որ ժամանակին՝ 1940-ականների վերջին այս օպերաները արխիվներից պեղելով անհետացումից փրկել է աշխարհահռչակ Մարիա Կալլասը՝ հետագայում ներկայացնելով դրանք Միլանի Լա-Սկալա օպերային թատրոնում:

Վերականգնված ներկայացման բեմադրող դիրիժոր Հարություն Արզումանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Դոնիցետիի, կարծում եմ, լավագույն օպերաներից մեկն է: Եթե նույնիսկ թեմատիկան նվիրված չլիներ Հայաստանին, դա այնքան կատարյալ օպերա է, որ հաճույքով պետք է միշտ կատարել: Իրոք կատարյալ օպերա է, որը օպերայի արքա Վերդիի համար ուղենիշ էր: Վերդին նամակում ասում է, որ իր համար օպերայի բարձրագույն չափանիշը «Պողիկտոսն» է: Սա լևոնյանական լավագույն բեմադրություններից մեկն էր, որը իրոք արժեր բեմադրել: Ուղղակի որոշ ներդրումներ էին պետք, և պետական հովանավորությամբ վերականգնվեցին և՛ զգեստներ, և՛ դեկորացիաներ: Հուսով եմ, երկար տարիներ դեռ կգնա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG