Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Իսրայելում հանդիպել է Քնեսեթի նախագահին և փոխնախագահին, Երուսաղեմի Հայոց պատրիարքին


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Երեկ պաշտոնական այցով Իսրայել ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Քնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնի, փոխնախագահ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ, այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպել է պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի խորհրդարանի խոսնակը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Քնեսեթը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։

Նալբանդյանը և Էդելշտեյնը անդրադարձել են հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, քննարկել միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն ու ընդլայնմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ Իսրայելի խորհրդարանի խոսնակը նշել է, որ իր տեսակետը ճանաչման կարևորության վերաբերյալ հայտնի է, և ինքն այն արտահայտելու բազմաթիվ առիթներ է ունեցել։

Նալբանդյանը Էդելշտեյնին է փոխանցել Երևան այցելելու՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հրավերը։

Թալի Պլոսկովի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման կարևորությունը՝ արժևորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը, «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ապակենտրոնացված փոխգործակցությանը, մշակութային շփումների աշխուժացմանը, զբոսաշրջության խթանմանն առնչվող մի շարք հարցերի: Անդրադարձ է կատարվել հայ-հրեական պատմական առնչություններին, Իսրայելի հայկական համայնքի և Հայաստանի հրեական համայնքի գործունեությանը։

Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է իր այցելության նպատակները, արդեն ունեցած հանդիպումների արդյունքները, անդրադարձ է արվել Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր եկեղեցիների համագործակցության, համահայկական օրակարգի մի շարք հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG