Մատչելիության հղումներ

Օգնողների ինստիտուտը սահմանված է ԸՕ-ով, սակայն դա կարող է օգտագործվել ի չարս. ԿԸՀ նախագահ


Կիրակի օրը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հետևել է խախտումների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին, քաղաքացիների ահազանգերին և առավելագույնը փորձել արձագանքել դրանց, երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ընդհանուր առմամբ դրական գնահատելով այս ընտրությունների որակը։

ԿԸՀ նախագահն առանձնացրեց հատկապես կուտակումների խնդիրը՝ նշելով, որ այստեղ «երկու տարբեր ինստիտուտներ շփոթության մեջ են մտնում»։

«Շատ հաճախ անգամ կուտակում է դիտարկվում այն հանգամանքը, երբ ընտրողների հերթեր են գոյանում ընտրական տեղամասերի մուտքերի մոտ։ Դա բնավ երբևէ չի կարող համարվել տեղամասի մոտ կուտակումներ, այսինքն՝ այն, ինչն արգելված է Ընտրական օրենսգրքով։ Իսկ նման կուտակումների դեպքեր հայտնաբերելու դեպքում արձագանքը լինում էր անմիջապես, այսինքն՝ տարածքային ընտրական հանձնաժողով, անհրաժեշտության դեպքում եղել է դեպք, երբ որ անմիջապես տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հետ է կապ հաստատվել, ոստիկանության հետ, որպեսզի արագ կարգով հնարավորինս հեռացվեն այդ մարդիկ անթույլատրելի այդ հատվածից, մեր արձագանքները եղել են բավականին արագ։ Բայց կուզեի փաստել մեկ կարևորագույն հանգամանք, որ եթե մենք համեմատում ենք այս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ մոտ 350 բնակավայրերում անցկացվում էին ընտրություններ, և այս ծավալների պարագայում մենք, ըստ էության, ունեինք շատ փոքրաթիվ անգամ նման ահազանգեր, դիտարկումներ, փաստական հանգամանքների ներկայացում և այլն, և ես կարծում եմ, որ սա հենց արդեն ինքնին խոսուն փաստ է ընտրության որակի հետ կապված», - ասաց Մուկուչյանը։

Անդրադառնալով, այսպես կոչված, օգնողների ինստիտուտին` ԿԸՀ նախագահն ասաց. - «Օգնողների ինստիտուտը դա անխուսափելիորեն պետք է սահմանվի Ընտրական օրենսգրքով և այն սահմանված է՝ սահմանված է որոշակի կանոնակարգով. յուրաքանչյուրը միայն մեկ անգամ կարող է որպես օգնող հանդես գալ, օգնողի տվյալները գրանցվում են գրանցամատյանում, որովհետև անհնար է պատկերացնել իրավիճակ, երբ, օրինակ, ասենք, որևէ մեկը գա ընտրատեղամաս և խնդրի որևէ օգնողի աջակցություն, և նման ինստիտուտ չունենանք ընդհանրապես նախատեսված։ Կարո՞ղ է սա ոմանց կողմից օգտագործվել ի չարս՝ իհարկե հնարավոր է նման օգտագործում, բայց այս դեպքում շատ կարևոր է նույն ընտրողի պահվածքը, որովհետև ընտրողը, գալով ընտրական տեղամաս, եթե ինքը կարողանում է ինքնուրույն կատարել իր քվեարկությունը, նա պետք է ինքը հրաժարվի որևէ օգնությունից, որևէ օգնություն իրեն տրամադրելուց, որևէ աջակցությունից և այլն։ Իսկ ինչ վերաբերում է ընտրողներին, համենայն դեպս մենք փորձել ենք գրանցամատյաններով ուսումնասիրել այս խնդիրը, և ես կցանկանայի ուղղակիորեն փաստել, որ նման ինչ-որ արտառոց պատկեր, համենայն դեպս, առկա չէ»։

ԿԸՀ նախագահի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG