Մատչելիության հղումներ

Ըստ տնտեսագետի, ՀՀԿ-ն անգամ խնդիր չի դնում ազատականացնելու երկրի տնտեսությունը


Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համոզմամբ, Հայաստանի տնտեսությունը հիմնված է օլիգարխիայի վրա։ Ըստ տնտեսագետի, սա տնտեսականից զատ ունի նաև քաղաքական նպատակ՝ իշխանությունը չի ցանկանում, որպեսզի երկրում ամրապնդվի տնտեսապես ամուր միջին խավը, որին վերահսկելը գրեթե անհնար կլինի։ Հետևաբար, Խաչատրյանի կարծիքով, իշխող Հանրապետական կուսակցությունը անգամ խնդիր չի դնում ազատականացնելու երկրի տնտեսությունը։

«Էներգետիկայում, առողջապահությունում, ապահովագրական բնագավառում, նույնիսկ տեղեկատվական համակարգում որոշակի կենտրոնացում է տեղի ունենում, և սա պայմանավորում եմ հենց նոր գործող կառավարության յուրահատուկ մոտեցմամբ, որովհետև իրենք ուզում են ֆինանսական հնարավորություններ ունենալ, էդ ֆինանսական հնարավորություններն օգտագործել Հայաստանում օլիգարխիայի դերի մեծացմամբ՝ գերմոնոպոլացված իրավիճակն ավելի մոնոպոլացնելով», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ ասաց տնտեսագետը՝ շարունակելով. - «Իմիջիայլոց, կառավարության հաշվետվության մեջ աղքատության մասին չի խոսվում, գործազրկության մասին շատ քիչ է խոսվում, արտագաղթի մասին չի խոսվում, ժողովրդագրական վիճակի մասին չի խոսվում, մոնոպոլիաների մասին չի խոսվում, և բոլորիս էլ պարզ է, հասկանալի է, թե իրականում ինչ է տեղի ունենում, և այն, ինչ որ մեզ ներկայացվում է՝ բանան ներկրողները 50-ն են դարձել, կամ շաքար ներկրողները 100-ն են դարձրել, կամ չգիտեմ ինչը՝ 150, այդպես չի, նույն մարդիկ են, ուղղակի Doing Business-ով մեկ օրվա ընթացքում կազմակերպություն են հիմնում, շատ հանգիստ կարողանում են, շաքար ներկրող 1-ը դառնում է 50, բանան ներկրող 1-ը՝ 100, աճպարարություն է։ Իրականում նույն մարդիկ են, նույն կազմակերպությունն է։ Մեր կյանքում որակական փոփոխություն տեղի չի ունենում, տեսեք՝ աշխատավարձի աճ չկա, չի էլ նախատեսվում, ա՛յ սրա մասին է խոսքը»։

Տնտեսագետի գնահատմամբ, գերբևեռացում է տեղի ունենում հասարակության մեջ՝ աղքատներն ավելի աղքատանում են, հարուստներն՝ ավելի հարստանում, որն էլ բերում է հակասությունների։

«Սա շատ կարևորագույն հարց է ընդհանրապես ցանկացած կառավարության համար և տնտեսական քաղաքականության մեջ՝ դուք ինչպե՞ս եք պատկերացնում ստեղծված ավելացված արժեքի բաշխման հարցը, ուզում եք փոխե՞լ դա, թե՞՝ ոչ, որովհետև այսօրվա բաշխման համակարգը բերում է նրան, որ մեզ մոտ բևեռացում, մեծացում է՝ հարուստներն ավելի հարստանում են, աղքատներն ավելի աղքատանում են, աղքատները չեն կարողանում միջին խավ դառնալ, միջին խավ, կամ փոքր և միջին բիզնեսը չի կարողանում խոշոր դառնալ, հակառակն է տեղի ունենում, այսինքն՝ մեզ մոտ գերբևեռացում է տեղի ունենում հասարակության մեջ, որն էլ բերում է հակասությունների։ Հիմա մեզ մոտ նաև այս ներկայացումների մեջ, նաև բյուջեի և բյուջեի ներկայացված բացատրությունների մեջ որևիցե խոսք չկա ստեղծված ավելացված նոր արժեքի բաշխման մեխանիզմների մասին, որովհետև, եթե այդ բաշխման մեխանիզմների մասին մենք խոսենք, արդեն բոլորիս հասկանալի կդառնա, թե ոնց է Հայաստանի Հանրապետությունում օլիգարխիան ձևավորվել, դա ինչ ձևով է տեղի ունեցել, ինչ մեխանիզմներով է տեղի ունեցել, արդյո՞ք լոբբիստական Ազգային ժողովում գործունեության արդյունք է, թե՞ ընդհանրապես երկրի իշխանության կողմից վարվող քաղաքականության արդյունք է, և դա փոխվո՞ւմ է, թե՞՝ ոչ», - ասաց տնտեսագետը։

Վահագն Խաչատրյանը նշում է՝ եթե աղքատներին ավելի ապահովված դառնալու հնարավորություն տան և միջին խավ ձևավորվի, ինքը մնացած բյուջետային հարցերին կողմ կլինի։

«Եթե ինձ բացատրեն, որ իսկապես այսպիսի կառավարությունն այսպիսի քաղաքականություն է իրականացնում, որի հիմնական նպատակն է, որ մենք միջին խավ ձևավորելու խնդիր դրած լինենք և աղքատներին կարողանանք հնարավորություն տալ աղքատությունից դուրս գալ, և իրենք դառնան ավելի ապահովված և միջին խավ ձևավորեն, ես մնացած բոլոր բյուջետային հարցադրումներին կողմ կլինեմ, չեմ էլ խորանա։ Մեզ մոտ քաղաքական նպատակը եղել է, որ տնտեսական, քաղաքական որոշումներ կայացնողները եղել են փոքրերը՝ 10 տոկոս օլիգարխիան, և պետությունը հիմնվում է այդ 10 տոկոս օլիգարխիայի վրա։ Մեզ մոտ հիմնական վտանգը հասարակական և պետական զարգացման սրանում է», - ասաց տնտեսագետը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG