Մատչելիության հղումներ

Եվրանեսթի բյուրոն կոչ է անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայկական և ադրբեջանական ուժերի միջև»


Եվրանեսթի բյուրոն այսօր միաձայն ընդունել է Եվրոպական Խորհրդարանի և Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների ուղերձը, որում Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածում նշված է.- «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայկական և ադրբեջանական ուժերի միջև՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, որը չունի ռազմական լուծում՝ բովանդակային բանակցությունների վերսկսման, բարեխղճորեն և վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումների և երկխոսության միջոցով»։ Այս մասին հաղորդում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։

Ուղերձում նաև նշված է՝ «իրավունքի գերակայության առնչությամբ մեզ համար ընդունելի են մեր քաղաքացիների բարձր ակնկալիքները՝ ապահովելու ամուր և արդյունավետ գործող ժողովրդավարական ինստիտուտների առկայությունը և հասնելու կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության և ապօրինի օլիգարխիկ վերահսկողության վերացմանը»։

Ուղերձում պետությունները պատվորություն են ստանձնում լիարժեք կերպով իրականացնել դատական համակարգի, պետական կառավարման և բանկային ու ֆինանսական հատվածի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների բազմակարծության ամրապնդման հետ կապված բարեփոխումները:

Եվրամիության աջակցությանը վերաբերող հատվածում նշված է, որ այն պետք է իրականացվի հատուկ նախագծված մոտեցմամբ՝ համապատասխանեցվելով յուրաքանչյուր գործընկերոջ հետ համագործակցության հավակնության մակարդակին՝ «ավելին ավելիի դիմաց» և «պակաս պակասի դիմաց» սկզբունքով։

«Ընդգծում ենք նաև գործընկեր երկրներում քաղաքացիական հասարակության ամրապնդման անհրաժեշտությունը և նրա կարևոր դերը Արեւելյան գործընկերության շրջանակներում` անզիջում կերպով դիմադրելու այնպիսի օրենսդրությանը, որը միտված է սահմանափակելու քաղհասարակության օրինական գործունեությունը: Մենք կաշխատենք քննության ենթարկել մեր կառավարությունների, Եվրոպական հանձնաժողովի և Եվրամիության արտաքին գործողությունների ծրագրի արդյունավետությունը՝ մասնավորապես նոր համաձայնագրերի շուրջ բանակցությունների անցկացման և դրանց կյանքի կոչման առումով»,- նաև նշված է ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG