Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ օրակարգ են մտցրել Սիրիայում քիմիական հարձակումների քննության հարցով իրար հակասող նախագծեր


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հոկտեմբերի 24-ի նիստը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հոկտեմբերի 24-ի նիստը

ԱՄՆ-ը և Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) օրակարգ են մտցրել Սիրիայում քիմիական հարձակումները հետաքննող խմբի լիազորությունների երկարաձգման հարցով մեկը մյուսին հակասող երկու բանաձև, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Փաստաթղթերը նախատեսում են քննչական հանձնաժողովի մանդատի երկարաձգում, սակայն տարբեր ժամկետներով․ ամերիկյանը՝ բանաձևի ընդունման պահից սկսած երկու տարով, ռուսականը՝ մինչև 2018 թվականի մայիսի 16-ը:

Առաքելության մանդատի վերջնաժամկետը լրանում է նոյեմբերի 17-ին: ԱՄՆ-ի հեղինակած բանաձևի նախագծում մտահոգություն է հնչում Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձաքննության արդյունքների վերաբերյալ, սակայն Վաշինգտոնը հավանություն է տալիս կազմակերպության աշխատանքին: Մոսկվան քննադատում է կազմակերպության աշխատանքը և առաջարկում նոր փորձաքննություն անցկացնել քիմիական հարձակման վայրում՝ Խան Շեյխունում, ինչպես նաև նմուշներ վերցնել «Շայրաթ» ավիաբազայում, որտեղից ենթադրաբար իրականացվել է քիմիական հարձակումը:

Հոկտեմբերի 24-ին Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է ՄԱԿ-ի առաքելության և Քիմիական զենքի արգելման կազմակերպության առաքելության մանդատը երկարաձգելու մասին բանաձևի նախագիծը:

Բաշար ալ-Ասադի ռեժիմը հերքում է ՄԱԿ-ի մեղադրանքները վեցերորդ տարին պատերազմի մեջ գտնվող Սիրիայում բազմիցս քիմիական զենք կիրառելու մասին, այդ թվում՝ Իդլիբ նահանգում այս տարվա ապրիլին ավելի քան ութ տասնյակ խաղաղ բնակչի կյանք խլած քիմիական հարձակումն իրականացնելու վերաբերյալ պնդումները:

Փորձագետների տվյալներով՝ Սիրիայում վերջին վեց տարվա ընթացքում 30 անգամ քիմիական զենք է կիրառվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG