Մատչելիության հղումներ

Կատալոնացի 8 նախկին պաշտոնյա ձերբակալված է․ ըստ փաստաբանի՝ Մադրիդը Պուջդեմոնի կալանքի եվրոպական օրդեր է հրապարակել


Բելգիա - Կատալոնիայի պաշտոնանկ արված առաջնորդ Կարլես Պուջդեմոնը Բրյուսելում ասուլիսի ժամանակ, 31-ը հոկտեմբերի, 2017թ․

Իսպանացի դատավորը Կարլես Պուջդեմոնի և նրա լուծարված կառավարության չորս անդամների կալանքի եվրոպական օրդեր է հրապարակել, երեկ երեկոյան ֆլամանդական VTR հեռուստաալիքին հայտնել է Կատալոնիայի պաշտոնանկ արված առաջնորդի փաստաբանը:

Նա կարծիք է հայտնել, որ իսպանական արդարադատությունը շուտով արտահանձնման պահանջ կներկայացնի Բրյուսելի դատախազներին: Սակայն Պուջդեմոնը, փաստաբանի վկայությամբ, մտադիր է մնալ Բելգիայում և բողոքարկել իր արտահանձնման ուղղությամբ որևէ հնարավոր գործողություն:

Կատալոնացի հինգ գործիչները երեկ չեն ներկայացել Մադրիդի դատարան՝ ապստամբության, խռովության և հանրային միջոցները չարաշահելու գործով, որ հարուցվել է երկրամասում հոկտեմբերի 1-ին անկախության հանրաքվե նշանակելու փաստով:

Կատալոնիայի լուծարված կառավարության մյուս 9 պաշտոնյաները ներկայացել են դատարան հարցաքննության: Նրանցից ութը ձերբակալվել են, մեկը 50 հազար եվրո գրավի դիմաց ազատ է արձակվել:

Պուջդեմոնը կատալոնական TV3 հեռուստաալիքով կոչ է արել ազատ արձակել «Կատալոնիայի օրինական կառավարությանը»:

Կատալոնիայի խորհրդարանը, հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ ընդունեց անկախության հռչակագիր՝ հիմնվելով հոկտեմբերի 1-ի հանրաքվեի արդյունքների վրա, որի մասնակիցների շուրջ 90 տոկոսը ձայն է տվել անկախության օգտին: Ի պատասխան՝ Իսպանիայի իշխանություններն ընդունեցին Կատալոնիան ուղիղ կառավարման տակ դնելու որոշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG