Մատչելիության հղումներ

Սպիտակի անտառպետությունում սոճենիների ապօրինի հատման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել


Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյան

Լոռու մարզի Սպիտակի անտառպետությունում 408 սոճենու ապօրինի հատման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Անտառապահը ձերբակալվել է, իսկ անտառապետի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել և հետախուզում հայտարարվել։

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Լոռու մարզի նորանշանակ դատախազ Արսեն Մարտիրոսյանն ասաց, թե նախաքննական մարմինը փաստեր ունի, որ մոտ 25.5 միլիոն դրամ արժողությամբ 408 սոճենիների ապօրինի հատումը կատարվել է անտառի պահպանության համար պատասխանատու անձանց անմիջական թողտվությամբ:

«Անտառապահ, անտառապետ և էն անձը, ում ցուցումով կատարվել է հատումը... այդ անձինք պարզված են, ունեն համապատասխան դատավարական կարգավիճակ: Կան անձինք, որոնց նկատմամբ որպես փախանման միջոց ընտրվել է նաև կալանավորումը: Նկատի ունենալով, որ էս պահին նախաքննություն է իրականացվում, և տվյալը չհրապարակելու նկատառումից ելնելով՝ այլ տվյալ չեմ կարող ներկայացնել», - ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ, պաշտոնական տվյալներով, վերջին ամիսներին Լոռու մարզում ապօրինի ծառահատումների դեպքով հարուցվել է 17 քրեական գործ, որոնցում 25 մեղադրյալներից 5-ը պաշտոնյաներ են: - «Էս պահին Ստեփանավանի տարածքում ապօրինի ծառահատման և Քրեական օրենսգրքի 315 հոդվածով, այսինքն՝ պաշտոնեական անփութության փաստով ունենք հարուցված քրեական գործ, որով հայտնի են և՛ ապօրինի ծառահատում կատարող անձինք, և՛ էն պաշտոնատար անձինք, որոնց անփութության արդյունքում տեղի է ունեցել ապօրինի ծառահատման փաստը։ Այն ուժեղացված հսկողությունը, որը որ էս պահին կա, նույն տեմպով շարունակվելու ա մինչև վերջ»:

Դատախազն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաև այս տարվա 9 ամիսներին Լոռու մարզում տեղի ունեցած հանցագործություններին՝ նշելով, որ նախորդ տարվա համեմատ դրանք աճել են 5.5 տոկոսով։ Դատախազի հրապարակած ցուցանիշների համաձայն, ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են, բայց ավելացել են միջին ծանրության հանցանքները։ Դատախազը վստահեցնում է, որ դեպքերի աճին զուգահեռ, նախորդ տարվա համեմատ, աճել է նաև դրանց բացահայտման ցուցանիշը։ Մասնավորապես արձանագրված 246 դեպքից 213-ն արդեն բացահայտվել է․ - «Մեր ուսումնասիրության արդյունքներով պարզել ենք, որ ունենք առանձին անչափահասներ, որոնք նախկինում հանցանք են կատարել՝ գտնվելով հաշվառման մեջ, կրկին նրանց կողմից արձանագրվել է հանցագործություն կատարելու դեպքեր»:

Դատախազն անդրադարձավ նաև Ալավերդի քաղաքում կատարվող աղմկահարույց սպանություններին, որոնց հաջորդեց այս տարվա սեպտեմբերին Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանությունը։ Ի պատասխան լրագրողների հարցերին, Արսեն Մարտիրոսյանը վստահեցրեց, թե իրավապահ մարմինները փորձում են գտնել նաև շղթայական սպանությունների կազմակերպիչներին։

Հունիսի 13-ին Ալավերդիում կատարված սպանության մասով նախաքննությունն ավարտելով գործն ուղարկվել էր դատախազություն։ Դատախազությանը չի բավարարել մեղադրական եզրակացությունն ու գործը հետ է ուղարկել նախաքննական մարմնին․ - «Յուրաքանչյուր քրեական գործով ուշադրություն է դարձվում, որպեսզի ենթադրյալ հանցանքը կատարած բոլոր անձինք, այդ թվում նաև կազմակերպիչները ի հայտ բերվեն և ենթարկվեն քրեական պատասխանատվության: Հիմա, որ ասեմ ամբողջությամբ խնդիրները լուծված են, ճիշտ չեմ ասի: Բայց այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացվում են»:

Նշենք, որ օրերս աշխատանքից ազատվել են ոստիկանության Թումանյանի բաժնի պետն ու նրա տեղակալը։ Հայաստանի ոստիկանապետը Բազումի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արտակ Գուրջանյանին է փոխանցել Ալավերդիում և հարակից գյուղերում քրեական իրավիճակը վերահսկելու պարտավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG