Մատչելիության հղումներ

Թրամփը մտադիր է մեկընդմիշտ վերջ տալ «Գրին քարտի» խաղարկություններին


Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից ընդամենը մեկ օր անց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է ներգաղթի ծավալների սահմանափակմանն ուղղված հերթական նախաձեռնության մասին: Խոսքը այսպես կոչված «Գրին քարտի» խաղարկության դադարեցման մասին է, որի պաշտոնական անվանումն է «Ներգաղթի բազմազանության վիճակախաղ»:

«Այսօր ես սկսում եմ «Բազմազանության վիճակախաղ» ծրագրի դադարեցման գործընթացը: Ես պատրաստվում եմ դիմել Կոնգրեսին` խնդրելով անհապաղ կերպով դադարեցնել այդ ծրագիրը: «Բազմազանության վիճակախաղ» բառակապակցությունն, իհարկե, շատ լավ է հնչում: Բայց դա ինքնին լավ երևույթ չէ, և մենք դեմ էինք դրա կազմակերպմանը: Այնպես որ, մենք առանց հապաղման սկսում ենք աշխատել Կոնգրեսի հետ այս բազմազանության ծրագիրը դադարեցնելու, դրանից ազատվելու ուղղությամբ», - հայտարարում էր Թրամփը Սպիտակ տանը չորեքշաբթի օրը կայացած խորհրդակցության ժամանակ:

Թրամփի այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ ամերիկացի իրավապահները տեղեկացրել էին, որ Նյու Յորքում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած, ութ մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման հեղինակ՝ Ուզբեկստանի քաղաքացի 29-ամյա Սայֆուլո Սաիպովը Միացյալ Նահանգների տարածք էր մուտք գործել հենց «Գրին քարտի» խաղարկության արդյունքում:

Ի դեպ, Ուզբեկստանի քաղաքացիները «Գրին քարտի» խաղարկության շնորհիվ Միացյալ Նահանգներ մուտք գործած մեծությամբ հինգերորդ խումբն են կազմում: Այդ ցուցանիշով նրանք զիջում են միայն Ռուսաստանի, Իրանի, Եթովպիայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացիներին:

Ինչ վերաբերում է նյույորքյան հարձակման հեղինակին, ապա նրան, ըստ Դոնալդ Թրամփի, անհրաժեշտ է մահապատժի ենթարկել: Այդ մասին Միացյալ Նահանգների նախագահը գրել է Twitter-ի իր էջում:

«Նյույորքյան ահաբեկիչը երջանիկ էր, երբ խնդրեց իր հիվանդասենյակում «Իսլամական պետության» դրոշը կախել: Նա ութ մարդ է սպանել, 12 հոգու ծանր վիրավորել: Նա մահապատժի է արժանի», - գրում էր Թրամփը:

Սպիտակ տանը կայացած խորհրդակցության ժամանակ ևս Միացյալ Նահանգների նախագահը հարկ համարեց անդրադառնալ ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց դատավարություններին ու դրանց ընթացքում սահմանվող պատժաչափերին:

«Մենք այնպիսի պատիժներ պետք է սահմանենք, որոնք ավելի արդյունավետ կլինեն և շատ ավելի արագորեն կյանքի կկոչվեն, քան այն պատժաչափերը, որոնց այսօր են արժանանում այդ կենդանիները: Նրանց դատավարությունները ձգվում են տարիներով: Մեզ արագ և խիստ արդարադատություն է անհրաժեշտ: Այն, ինչ ունենք այսօր, ուղղակի զավեշտալի է և ծիծաղաշարժ: Այդ ֆոնին զարմանալի չէ, որ նման բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում: Ես կարող եմ խոսել նաև մի շարք այլ պետությունների մասին, որտեղ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել», - հայտարարում էր ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողներից մեկի հարցին էլ՝ հնարավո՞ր է արդյոք, որ նյույորքյան հարձակման հեղինակ Սայֆուլո Սաիպովը տեղափոխվի Գուանտանամոյի բանտ, Թրամփը պատասխանեց․ - «Ես իհարկե կքննարկեմ նրան Գուանտանամո ուղարկելու տարբերակը»:

Երեկ երեկոյան Նյու Յորքի դատախազությունը մամուլին հաղորդեց հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետաքննության առաջին մանրամասները: Մանհեթենի դատախազ Ջուն Քիմը լրագրողներին հայտնեց, որ Սաիպովին երկու` ավտոմեքենայի օգտագործմամբ մարդկանց սպանության և օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանն աջակցություն ցուցաբերելու մեղադրանք է առաջադրվել: Առաջին մեղադրանքով սահմանված առավելագույն պատժաչափը մահվան դատավճիռն է, երկրորդով` ցմահ ազատազրկումը:

«Սաիպովի պայուսակում գտնված բջջային հեռախոսների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են դրանցում ներբեռնված հարյուրավոր լուսանկարներ, որոնք առնչություն ունեն «Իսլամական պետություն» խմբավորման գործունեությանը: Հեռախոսներում նաև մոտ 9 տասնյակ տեսագրություններ են հայտնաբերվել, որոնցում այլ գործողությունների շարքում պատկերված է նաև, թե ինչպես են «Իսլամական պետության» զինյալները սպանում ռազմագերիներին` վրաերթի ենթարկելով նրանց տանկերով, գլխատելով, դիմահար կրակոցներով», - նշում էր Մանհեթենի շրջանային դատախազը:

Նրա խոսքով՝ Սաիպովը այժմ գտնվում է Մանհեթենի «Բելվյու» հիվանդանոցում, որտեղ իրավապահներին հաջողվել է նրան կարճատև հարցաքննության ենթարկել: Դրա ընթացքում Սաիպովը խոստովանել է, որ ոգեշնչվել է` դիտելով «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի ուղերձը, որում նա կոչ էր անում Միացյալ Նահանգներում և արևմտյան մյուս պետություններում բնակվող մահմեդականներին աջակցություն ցուցաբերել ջիհադիստներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG