Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Հայ-ռուսական հարաբերություններն այսօր առանձնանում են բոլոր մակարդակներում ակտիվ երկխոսությամբ


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն այսօր առանձնանում են բոլոր մակարդակներում ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն կոորդինացմամբ, միջազգային և տարածաշրջանային հարթակներում ակտիվ աշխատանքով, տնտեսության, ռազմական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում սերտ համագործակցությամբ: Այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում է հանձնաժողովի 30-րդ նիստի կապակցությամբ:

Նախագահն ընդգծել է, որ 2017 թվականը հայ-ռուսական հարաբերությունների համար հոբելյանական է. այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը: Նա նշել է, որ այդ ընթացքում մեծ աշխատանք է կատարվել:

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և այդ համատեքստում բարձր է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, մաղթելով հանձնաժողովի 30-րդ նիստի մասնակիցներին արգասաբեր աշխատանք:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Նիկոլայ Ռիժկովն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել երկու երկրների օրենսդիր և գործադիր մարմինների մակարդակներում ևս հարաբերությունների ամրապնդումը՝ հասցնելով քաղաքական հարաբերությունների այն բարձր մակարդակին, որ առկա է երկու երկրների նախագահների միջև:

Նա հակիրճ ներկայացրել է հանձնաժողովի գործունեությունը, որի 20-ամյակը լրանում է հաջորդ տարեսկզբին:

Ռիժկովը կարևորել է նաև երկու երկրների տարածաշրջանների միջև ընդլայնվող համագործակցությունը և նշել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի տարածաշրջաններից մեկում, ու որ նման մոտեցումը կդառնա պարբերական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG