Մատչելիության հղումներ

Եղնուկյանին դատարանի դահլիճից տեղափոխեցին հիվանդանոց


Շարունակվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատավարությունը։

Այս վարույթով, հիշեցնենք, 11 ամբաստանյալներ են անցնում՝ «Սասնա ծռերի» 7 անդամներ, զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող անձանցից Կարո Եղնուկյանն ու Խաչատուր Գիչյանը, ինչպես նաև Մանվել Աթոյանն ու Վարդգես Գևորգյանը, ովքեր, ըստ մեղադրանքի, փորձել են միանալ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին, բայց իրենց կամքից անկախ պատճառներով հանցագործությունը չեն կարողացել ավարտին հասցնել։

Կարո Եղնուկյանը նախորդ նիստին պահանջեց իր գործն առանձին վարույթով քննել։ Դատարանը մերժեց միջնորդությունը։

Այսօր Եղնուկյանը հայտարարեց, որ բարձր ճնշում ունի։ Վկայակոչելով բժշկին՝ նաև ասաց, որ դատերն իրեն հակացուցված են։

Նա բացարկի միջնորդություն ներկայացրեց գործի նախաքննությունը վերահսկած մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին՝ նշելով, որ վերջինս կարևոր հանգամանքներ է բաց թողել գործից, որոնք կապացուցեին, որ ինքը չի օժանդակել «Սասնա ծռերին»։

«Ես չեմ գա դատական նիստերին, սա ինձ սպանում է, եթե Դուք ինձ ցանկանում եք սպանել, ուրիշ հարց, բայց ես չեմ ուզում էշ նահատակ լինել», - հայտարարեց Եղնուկյանը՝ դիմելով դատավորին. - «Եթե ես մահանամ, իմ մահը Ձեր խղճի վրա է»։

Եղնուկյանը հայտարարեց, որ լքում է նիստերի դահլիճը, այդ պահին նրա ինքնազգացողությունը վատացավ, նրան դատարանի դահլիճից տեղափոխեցին հիվանդանոց։

Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը վերահաստատեցին Եղնուկյանի պնդումները և բացարկի միջնորդություն հայտնեցին դատախազին՝ ասելով. - «Այս ամենը վկայում է, որ Եղնուկյանը քաղաքական հաշվեհարդարի զոհ է»։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը հերքեց մեղադրանքները՝ նշելով, որ անհրաժեշտ բոլոր նյութերը տրամադրվել են պաշտպանական կողմին։

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդությունը քննելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG