Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» գործից անջատված մասով նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալի առողջական վատ վիճակի պատճառով


«Սասնա ծռերի» գործով դատական նիստում, արխիվ
«Սասնա ծռերի» գործով դատական նիստում, արխիվ

Երեքշաբաթյա ընդմիջումից հետո այսօր վերսկսվեց ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ մեղադրվող՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների դատավարությունը։ Գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մոտ մեկ ամիս առաջ որոշում էր կայացրել դատական գործը տրոհել երեք առանձին վարույթների, որոնցից Գաբրիելյանը քննելու է միայն մեկը։

Դատավոր Գաբրիելյանը կքննի «Սասնա ծռերի» 7 անդամների և զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող 2 անձի՝ Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, ինչպես նաև ևս երկու անձի՝ Մանվել Աթոյանի ու Վարդգես Գևորգյանի գործը։ Ըստ մեղադրանքի, Աթոյանն ու Գևորգյանը փորձել են միանալ ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին, բայց իրենց կամքից անկախ պատճառներով հանցագործությունը չեն կարողացել ավարտին հասցնել։ Մյուս երկու վարույթները կքննեն դատավորներ Մեսրոպ Մակյանը և Արթուր Օհանյանը։

Այսօրվա նիստը տևեց մոտ կես ժամ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապբուժօգնություն են կանչել, բժիշկն էլ զննումից հետո եզրակացրել է, որ նա չի կարող մասնակցել նիստին։ Դատավորի խոսքով՝ բժիշկը Գիչյանի մոտ զարկերակային բարձր ճնշում է արձանագրել, ամբաստանյալը նաև սրտի շրջանում սուր ցավեր է ունեցել։ «Հետագա բարդությունից խուսափելու նպատակով, խորհուրդ է տրվում հիվանդին տեղափոխել հիվանդանոց»,- ասաց դատավորը, եզրակացնելով, որ Գիչյանի բացակայության պատճառով նպատակահարմար է համարում հետաձգել գործի քննությունը:

Ի դեպ՝ Գիչյանն այսօր դատարանին հասցեագրած գրության մեջ հայտնել է, որ անազատության մեջ ստենտավորվել է, բայց դեղորայքային բուժում չի ստացել։ Մինչդեռ, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Գիչյանն այժմ քաղաքացիական հիվանդանոցում հետազոտվում է, իսկ բանտում նա ամեն օր դեղորայք է ստանում, ինչի մասին գրառումներն առկա են կալանավայրի փաստաթղթերում։

Դատական նիստն այսօր հետաձգվեց մեկ շաբաթով։ Խաչատուր Գիչյանի փաստաբան Աննա Ջուվանովան լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է տեսակցել հիվանդանոց տեղափոխված իր պաշտպանյալին։ Փաստաբանը նշեց նաև, թե առաջին անգամը չէ, որ իր պաշտպանյալի ինքնազգացողութունը վատանում է, նման դեպքերում վերջինիս տեղափոխում են դատապարտյալների հիվանդանոց, որտեղ բուժում ապահովելուց և վիճակը կայունացնելուց հետո հետ են բերում կալանավայր։ Ջուվանովան ասաց նաև, թե միջնորդելու է դատարանին, որ իր հիվանդ պաշտպանյալին ազատ արձակեն կալանքից։

Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրա Հայրապետյանն այսօր դժգոհեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի այն հայտարարությունից, թե այս վարույթով արդեն թևակոխում են դատաքննության փուլ։ Լրագրողների հետ զրույցում Հայրապետյանը պնդեց՝ արդար դատաքննության իրավունքի պաշտպանության նպատակով գործը վարույթների բաժանած Արտուշ Գաբրիելյանը խախտում է այդ իրավունքը։ Հայրապետյանի կարծիքով, գործը վարույթների բաժանելուց հետո դատախազը նաև նոր մեղադրական եզրակացություն պետք է կազմի, այլ ոչ թե առաջնորդվի հնով։

«Այսինքն այն բոլոր ապացույցները, որոնք կային մինչ այս, դրանք հիմա բանի պետք չեն, որովհետև 11 հոգի առանձնացվել է: Սա մինչև չգիտակցեն, դատաքննություն չի լինի, նշանակում է՝ ձևական է լինելու»,- հայտարարեց փաստաբանը: Զինված խմբի անդամների մեծ մասը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG