Մատչելիության հղումներ

Ի՞նչ է փոխադրվելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով․ Վրաստանում հարցեր են ծագում նոր երկաթգծի շուրջ


Ադրբեջան - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը, Ալյաթ, 30-ը հոկտեմբերի, 2017թ․
Ադրբեջան - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը, Ալյաթ, 30-ը հոկտեմբերի, 2017թ․

Որքանո՞վ է ձեռնտու վրացական տնտեսությանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործումը․ երկուշաբթի օրը Բաքվից ոչ հեռու գտնվող Ալյաթ նավահանգստում տեղի ունեցած հանդիսավոր արարողությունից հետո, որին մասնակցում էր նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, այս հարցը Թբիլիսիում ավելի ու ավելի հաճախ է հնչում:

Կառավարության ներկայացուցիչների համոզմամբ՝ Վրաստանով անցնող տարանցիկ ուղին նոր խթան կհանդիսանա երկրի զարգացման համար: Էկոնոմիկայի նախարար Գիորգի Գախարիան Բաքվից վերադառնալուց անմիջապես հետո «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում կտրականապես հերքում էր հնչող այն մտավախությունները, թե նորակառույց երկաթուղին կարող է թերի ծանրաբեռնվածությամբ գործել:

«Երկաթուղու ծանրաբեռնվածության առումով մենք որևէ խնդիր չենք տեսնում: Մի կողմից՝ Թուրքիայի և Ադրբեջանի, մյուս կողմից՝ Կենտրոնական Ասիայի պետությունների միջև ապրանքաշրջանառությունը աճում է, և երկաթուղու լիարժեք շահագործումից հետո տարանցիկ փոխադրումների ծավալը կհասնի տարեկան 5 միլիոն տոննայի», - հայտարարում էր Վրաստանի էկոնոմիկայի նախարարը:

Վրացի պաշտոնյայի խոսքերը որոշակիորեն հակասում են Բաքվից և Անկարայից հնչող լավատեսական կանխատեսումներին: Շաբաթասկզբին Ադրբեջան այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պնդում էր, որ ներկա փուլում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով հնարավոր է լինելու տարեկան 6․5 միլիոն տոննա բեռ փոխադրել: «2034 թվականին մենք ակնկալում ենք այդ ցուցանիշը հասցնել 17 միլիոն տոննայի», - հայտարարում էր Էրդողանը:

Թբիլիսցի փորձագետները, սակայն, նկատում են, որ վերջին տարիներին Վրաստանի տարածքով իրականացվող տարանցիկ փոխադրումների ծավալն անշեղորեն նվազում է: Թբիլիսիի Պետական համալսարանի վերլուծական կենտրոնի տնօրեն Վախթանգ Չարայան «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցում տարակուսում էր` նման միտումների պահպանման պարագայում ի՞նչ է փոխադրվելու նորակառույց երկաթգծով:

«Եթե այս երկաթուղին կառուցվեր գոնե 2010 թվականին, ապա հնարավոր կլիներ այն օգտագործել չինական արտադրության ապրանքները դեպի Եվրոպա փոխադրելու և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ կազմակերպելու համար: Բայց այս նախագիծն անդառնալիորեն հնացել է, և չինացիներն արդեն իսկ մոտ երկու տասնյակ այլընտրանքային տարանցիկ ուղիներից են օգտվում` այդ թվում Ռուսաստանի և Իրանի տարածքով: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ վրացական նավահանգիստներում բեռների շրջանառությունը անշեղորեն նվազում է: Դրա ֆոնին հասկանալի չէ, թե ինչու է մեր կառավարությունը նավահանգիստների և երկաթուղիների արդիականացման նման ծրագիր նախաձեռնել, եթե տարանցիկ փոխադրումների նոր աղբյուրներ դեռ չեն գտնվել: Իսկ եթե կառավարությունը ի վերջո կառուցի նաև Անակլիայի նավահանգիստը, ապա դրա հետևանքով փաստորեն կդադարի գործել Բաթումիի նավահանգիստը», - նշում էր տնտեսագետը:

Փորձագետի այս պնդումները հաստատվում են նաև Վրաստանի պետական վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալներով: 2012 թվականին վրացական երկաթուղով ավելի քան 20 միլիոն տոննա բեռ էր փոխադրվել: 2016-ին, սակայն, այդ ցուցանիշը նվազել է գրեթե երկու անգամ` հասնելով 11 միլիոն տոննայի: Նվազման միտումը պահպանվել է նաև այս տարի: 2017 թվականի առաջին կիսամյակում վրացական երկաթուղին մոտ 7 տոկոսով ավելի քիչ բեռ է փոխադրել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG