Նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանն այն կարծիքին է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը վերաբերում էր պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանին։
Սարգսյանը, սակայն, այս գրառումները քաղաքական դաշտով չի պայմանավորում, դրանք տեսնում է քաղաքականությունից դուրս, «բամբասանքների դաշտում»։
«Ազատություն». - Պարոն Սարգսյան, կուզենայի նախևառաջ անդրադառնայիք պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան վերջին գրառումներին, որոնք բավական մեծ կրքեր են բորբոքել։ Դուք կասկած չունե՞ք, որ այստեղ խոսքը Վիգեն Սարգսյանի մասին է։
Արամ Սարգսյան. - Գիտեք, ակնարկը միանշանակ այդ ուղղությամբ էր, ինքը կարող է հրաժարվել, ասել՝ «այդպես է, այդպես չէ», ես անձամբ այդպես եմ ընկալել։
«Ազատություն». - Պաշտպանության նախարարն իր խոսնակի շուրթերով՝ Արծրուն Հովհաննիսյանի, ըստ էության զգուշացրեց Սեյրան Օհանյանի տիկնոջը՝ հիշեցնելով նրան Քրեական օրենսգրքի սուտ մատնության հոդվածը։ Ինչո՞ւ նախարարությունը, Ձեր կարծիքով, գնաց այս քայլին, ի վերջո, շատերի պնդմամբ, հենց այս հայտարարությամբ նախարարն ընդունեց, որ իսկապես այն, ինչ որ ասում էր Ռուզաննա Խաչատրյանը, իրեն է վերաբերում։
Արամ Սարգսյան. - Գիտեք, պաշտպանության նախարարը մասնավորապես՝ Վիգեն Սարգսյանը, բազմաթիվ սխալներ է անում, ինչով ինձ զարմացնում է։ Ես համարում էի իրեն լավ դիվանագետ, համարում էի, որ Ֆլեթչերում սովորած մարդը պետք է լավ իմանա, որ լրագրողի հետ կռվելը սխալ մոտեցում է, երբեք դրական բանի չի բերի, թեկուզ հենց այն պատճառով, որ դու մի օր ասում, գնում ես, լրագրողն ամեն օր նյութ է գրում ու ամեն օր հետևում է քեզ ու ամեն բացթողում միանգամից առերև է հանել։ Հիմա, տեքստում էլի փորձեց ինչ-որ ձևով լրագրողներին կպնել, դրանից առաջ բնութագրումներ ու բնորոշումներ էր տալիս։ Տպավորություն կա, որ Վիգեն Սարգսյանը կայացման խնդիր ունի՝ թե՛ պաշտպանության նախարարությունում, թե՛ որպես հանրային, հասարակական, քաղաքական գործիչ առաջին դեմքով։ Վերջիվերջո կան մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքում երկրորդ դեմք են եղել, տեղակալ են եղել, և շատ հնարավոր է, որ այդ տեղակալի պաշտոնում իրենք շատ լավն են, հաջողված են, բայց երբ որ դառնում են առաջին դեմք, դառնում են բավականին վտանգավոր։
«Ազատություն». - Այն, ինչ տեղի է ունենում, սա կարո՞ղ ենք մենք դիտարկել որպես պատասխան այն ամենի, ինչ տեղի ունեցավ Սեյրան Օհանյան՝ պաշտպանության նախարար, քաղաքական գործչի հետ։
Արամ Սարգսյան. - Հոգեբանորեն նաև կարծում եմ, որ այո, կարող ենք դիտարկել, որովհետև նյութը, երկրորդ նյութը, որը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, այնտեղ մի ամբողջ դիֆերամբ կար՝ պետական, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ Սեյրան Օհանյանին վերաբերվող, այսինքն՝ հստակ երևում է և դա շատ բնական է, որ պաշտպանության նախկին նախարարի կինը պետք է վատ տրամադրված լինի գործող պաշտպանության նախարարին, և բացառել այդ ես չեմ կարող։ Բայց այս ամենը համարում եմ քաղաքականությունից դուրս, բամբասանքների դաշտ, որովհետև ամբողջ խնդիրը ոչ թե նրանում է, որ Վիգեն Սարգսյանը տարկետման իրավունք ունեցել է կամ չի ունեցել, խուսափել է, խնդիրը տարկետման իրավունք ունենալու մեջ չէ, խնդիրը պարտքի զգացողության մեջ է, որովհետև ազատամարտին մասնակցած բազմաթիվ երիտասարդներ, տարկետման իրավունքը գրպանում ունենալով, պարտքի զգացողություն ունեցան ու գնացին հայրենիքի պաշտպանության։ Վիգեն Սարգսյանը, պաշտպանության [խորհրդարանական] հանձնաժողովի նախագահ Կորյունը [Նահապետյան] էդ պարտքի զգացողությունը չեն ունեցել, իրենք գերադասել են շարունակել իրենց կրթությունը, և այս առումով իսկապես դիսկոմֆորտի խնդիր կա, իրենք պետք է այդ դիսկոմֆորտը զգան միանշանակ, որովհետև իմ ընկեր Արտակ Զեյնալյանն այդ տարկետման իրավունքը գրպանում երկրորդ կուրսում ոտքը կորցրեց։
Հիշեցնենք, օրերս Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր զորակոչին առնչվող հարցերի քննարկումներին՝ վերհիշելով «մոտ 18 տարվա» վաղեմության դեպքերը, թե ինչպես էր այժմ «ինքնագոհ, մատը թափ տալով զորակոչի մասին ճառող բարձրաստիճան պաշտոնյան», ում ինքը 25 տարի ճանաչում է, խուսափում բանակից՝ հայտնվելով անգամ ռազմական ոստիկանության կողմից որոնվողների ցանկում: Ըստ Ռուզաննա Խաչատրյանի, այժմ բարձրաստիճան այդ պաշտոնյան այն ժամանակ ինչ-ինչ միջնորդությունների արդյունքում կարողացել է խուսափել պատժից:
Այս գրառումից հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրեց Քրեական օրենսգրքի սուտ մատնության հոդվածը՝ շեշտելով, որ նախարարը երբեք չի խուսափել բանակից:
Այս պարզաբանումից հետո Ռուզաննա Խաչատրյանը նոր գրառում է կատարում Ֆեյսբուքում՝ «Ընտրություններից հետո կամ «հեղափոխությունից» առաջ» վերնագրով, որտեղ անդրադառնում է նաև հարցին, թե որ պաշտոնյային նկատի ուներ իր նախորդ գրառման մեջ՝ անուն, սակայն, չհնչեցնելով․ - «Ի վերջո, ո՞վ է այն անձը, ում նկատի ունեմ ես... Նկարագրվող անձը, ըստ մեզ փոխանցված փաստական տվյալների (նաև ձայնագրությունների), ենթադրվում է, որ իմ և Սեյրան Օհանյանի դեմ իրականացված տեղեկատվական տեռորի մասնակիցներից է նաև»:
Հետգրության մեջ Ռուզաննա Խաչատրյանը հավելել է․ - «Փնտրվող պաշտոնյայի արտաքին նկարագրողական մի քանի դետալներ․ փորի մեծությամբ առջևից հիշեցնում է հղիության 7-8 ամսում գտնվող կնոջ, իսկ շրթունքները նման են Քիմ Քարդաշյանի շրթունքներին»:
Արամ Սարգսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.