Եվրամիությունն ու Բրյուսելի Արևելյան գործընկերության երկրների ընդհանուր նպատակը գործընկերության մաս կազմող վեց երկրներում տնտեսական աճի խթանումն է և այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական միջավայր, ուր բիզնեսը կարող է ծաղկել՝ հոկտեմբերի 26-ին Էստոնիայի մայրաքաղաքում մեկնարկած ԵՄ Արևելյան գործընկերության բիզնես ֆորումին հայտարարեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։
«Օրենքի իշխանությունը և տնտեսական զարգացումը նույն մետաղադրամի երկու կողմերն են: Տնտեսական աճ չի կարող լինել՝ առանց օրենքի իշխանության, որը կերաշխավորի կայուն իրավական ու գործարար միջավայր: Իրավական որոշակիությունը, գործող անկախ դատական համակարագը, գործող բանկային համակարգը և հիմնարար իրավուքնները, ինչպես օրինակ, սեփականության իրավունքը, ներդրողներին ներգրավելու, տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանող էական նախապայման են»,- ասաց Հանը:
Տալինում հոկտեմբերի 26-27-ը ընթացող բիզնես ֆորումին մասնակցում էին Եվրամիության ու Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի գործարար հանրությունը, պետական կառույցները ներկայացնող մի քանի հարյուր ներկայացուցիչներ, որոնց համաժողովի երկրորդ օրը հնարավորություն տրվեց business to business (B2B) հանդիպումների ձևաչափով միմյանց հետ հանդիպումներ ունենալ՝ քննարկելու տարաբնույթ բիզնես նախագծերը:
Եվրամիության հետ առևտրատնտեսական հարաբերությունները կարևոր են Հայաստանի համար: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ԵՄ-ի հետ Հայաստանի առևտուրը կազմել է 947.4 միլիոն դոլար, որը Հայաստանի ողջ արտաքին առևտրի 24.4%-ն: Անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ միության հետ Երևանի առևտուրը աճել է 24.3%-ով:
Յոհաննես Հանը հոկտեմբերի սկզբին Հայաստանում էր, նրան ընդունեցին նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում Հանը հայտարարեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը շուտով կստորագրեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
«Այս փաստաթուղթը՝ Եվրամիության ու Հայաստանի միջև համաձայնեցված գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի հետ միասին, կխորացնեն մեր համագործակցությունը: Թույլ տվեք ասել, որ համաձայնագիրը առաջին նմանատիպ փաստաթուղթն է, որը ստորագրվելու է Արևելյան գործընկերության երկրների հետ, և Հայաստանը այդ երկրներից առաջինն է, որ ավարտին է հասցրել գործընկերության առաջնահերթությունները Եվրամիության հետ: Մենք շահագրգռված ենք տեսնել, թե այս նոր համաձայնագիրը ինչպես է կյանքի կոչվելու, որովհետև սա նախագիծ է այլ հնարավոր հարաբերությունների համար: Հայաստանի հետ կնքվելիք համաձայնագրի կարևորությունը դուրս է գալիս Երևանի հետ երկկողմ հարաբերությունների դաշտից», - հոկտեմբերի 2-ին Երևանում ասել էր Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյան:
Տալլինում հոկտեմբերի 26-ին հանձնակատարը, վերահաստատելով, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, նաև ընդգծել էր․ - «Հնարավոր է լինել Եվրասիական միության անդամ, և միևնույն ժամանակ՝ հեռուն գնացող համաձայնագիր կնքել Եվրամիության հետ: Սա ապացուցում է, որ համակեցությունը հնարավոր է»: