Մատչելիության հղումներ

Երևանն ու Բրյուսելը վերահաստատում են, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 24-ին


Եվրամիության Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով Յոհաննես Հանը (ձ) և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Երևան, 20-ը հոկտեմբերի:

Երեկ Տալլինում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանն է նախ անդրադարձել այս հարցին։

Էստոնիայի մայրաքաղաքում անցկացվող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին մասնակցող պաշտոնյան Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հարցին պատասխանել է, որ համաձայնագրի ստորագրման հարցում կասկած չկա․ - «Ուզում եմ սկզբից ևեթ հստակ ասել, որ Հայաստանի հետ պայմանագիրը ստորագրվելու է, դրանում կասկած չկա, և գրեթե հաստատ է, որ դա տեղի է ունենալու գագաթնաժողովի շրջանակներում կամ հենց գագաթնաժողովի ժամանակ: Սա հստակ է: Դրա շուրջ որևէ քննարկում չկա»:

Հանձնակատարն ընդգծել է, որ առաջին անգամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիրը նման համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ, և դա կարող է օրինակ ծառայել նաև մյուսների համար․ - «Ի դեպ, այն ազդակները, որ ես ստացել եմ նաև հարևաններից, նրանք դրա հետ խնդիր չունեն, կամ առնվազն՝ ընդունում են այս համաձայնագիրը: Սա կարևոր է, քանի որ առաջին անգամ է նման համաձայնագիր ստորագրվում Եվրասիական միության անդամ պետության հետ: Եվ դա ցույց է տալիս, որ հնարավոր է լինել Եվրասիական միության անդամ, և միևնույն ժամանակ՝ հեռուն գնացող համաձայնագիր կնքել Եվրամիության հետ: Սա ապացուցում է, որ համակեցությունը հնարավոր է»:

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը նույնպես ֆեյսբուքյան էջում այսօր հաստատել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրմանը Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, և այդ ուղղությամբ իրականացվում են «բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները»:

Երեկ Երևանում նույնպես հաստատել են, որ փաստաթուղթը ստորագրվելու է նոյեմբերին։ Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրման հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ամենաբարձր մակարդակով հետևյալն է՝ պաշտոնական Երևանը ծրագրում է այն ստորագրել հաջորդ ամիս Բրյուսելում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:

«Մենք մեր կարծիքը հստակ ասել ենք: Մենք նոր բան չունենք ասելու: Եթե մենք տեսնեինք, որ փաստաթղթի մեջ կա խնդիր, մենք չէինք նախաստորագրի: Պարոն նախագահը շատ հստակ նշել, որ մենք ծրագրում ենք ստորագրել», - ասել է Շարմազանովը:

Խորհրդարանական ընդդիմությունը նույնպես վստահ է, որ համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին։ «Ելք» դաշինքից Էդմոն Մարուքյանը ասաց, որ իր ունեցած գաղտնի տվյալներով ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա։ Նա կարևորում է, որ ստորագրումից հետո ամեն ինչ չմնա թղթի վրա, իսկ փաստաթղթով սահմանված պարտավարությունները, ընդդիմադիր գործչի կարծիքով, կիրականացվեն՝ եթե Հայաստանի կառավարությունը քաղաքական կամք ունենա․ - «Ես կարևորում են Հայաստանում մրցակցային տնտեսական դաշտի ստեղծման հետ կապված բարեփոխումները, ես կարևորում եմ էներգետիկ անվտանգության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները և առաջարկները, դատական համակարգում առաջարկվող փոփոխությունները, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը: Դա մի ամբողջ փունջ է՝ մեկը մյուսի հետ կապված, և դրանք չեն կարող առանձին-առանձին հաջողության պատմություններ ունենան: Դա պետք է ամբողջության մեջ ի կատար ածվի, որ մենք կարողանանք տեղաշարժ արձանագրել Հայաստանի Հանրապետության զարգացման ճանապարհին»:

Մարուքյանի խոսքով, փորձը ցույց է տալիս, որ երբ Հայաստանի վրա լինում են ճնշումներ և ֆինանսական լուրջ աջակցության լինել-չլինելու հարց, բարեփոխումները հնարավոր են դառնում:

Նա նաև կարևորում է ընդդիմության դերը այս հարցում․ - «Մենք, որպես ընդդիմադիր ուժ, մեր դերը կատարելով, փոխզսպելով և հակակշռելով, մոնիտորինգի ենք ենթարկելու այդ բոլոր պարտավորությունները, և պահանջելու ենք այդ ռեֆորմները, այդ փոփոխությունները, խոստացված այդ ուղղությունները կյանքի կոչել»:

Երեկ իր ելույթում պարտավորությունների կատարման հարցին է անդրադարձել նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը: Նրա խոսքով իրենք գումար են տրամադրելու հստակ սկիզբ և վերջ ունեցող ծրագրերի համար՝ երբ տեսնեն, որ կոնկրետ քայլը կատարվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG