Մատչելիության հղումներ

Պարզվում է «Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատումներին մասնակցած անձանց ինքնությունը. մեկ անձ կալանավորվել է. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու «Դիլիջան ազգային պարկ»-ի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, դերակատարության աստիճանը։

Ըստ հաղորդագրության, նախնական քննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք տևական ժամանակ՝ 2014-2017 թվականներին «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ-առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացրել են ապօրինի ծառահատումներ՝ հատելով շուրջ 6330 հատ տարբեր տեսակի և հաստության ծառ, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը գնահատվում է 1.010.092.250 դրամ։

«Խմբի անդամները, ըստ ստանձնած դերակատարման, հատել են ծառերը, դրանք դուրս բերել անտառից, պատրաստել վառելափայտ, շինանյութ և իրացրել: Քննությամբ պարզվել է «Հաղարծին տեղամասի» տարբեր պահաբաժիններում ծառահատումներ իրականացրած անձանցից մեկի ինքնությունը, ով խմբի կազմում ներգրավվել է 2016 թվականից և տևական ժամանակ անմիջական մասնակցություն ունեցել ծառահատումներին», - ասված է հաղորդագրությունում։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

«Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG