Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը, Լևոն Մնացականյանը, Վիգեն Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը քննարկել են բանակաշինության հարցեր


Պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երևանաբնակ պարտադիր ժամկետային զինծառայողների շուրջ 1600 ծնողներ հոկտեմբերի 28-ին այցելել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին:

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, ծնողների հետ միասին զինծառայողների հետ հանդիպման են մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ծրագիրն իսկապես սպասված է և անհրաժեշտ:

Տարոն Մարգարյանի գնահատմամբ՝ սա բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված կարևոր ծրագիր է և այն շարունակական բնույթ է կրելու:

Զինծառայողների ծնողների այցելության առիթով սահմանամերձ բոլոր զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր արարողություններ:

«2013 թվականից մինչ օրս այս ծրագրի շրջանակում արդեն ավելի քան 9000 ծնող հնարավորություն է ունեցել այցելելու իրենց զինծառայող որդիներին և տեղերում ծանոթանալու նրանց ծառայության պայմաններին», - ասված է հաղորդագրությունում:

Այցի շրջանակում Վիգեն Սարգսյանին և Տարոն Մարգարյանին ընդունել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Քննարկվել են բանակաշինությանը և Երևան քաղաքի հետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ղարաբաղի և Հայաստանի համագործակցությունը տարածաշրջանում կայունության պահպանման կարևորագույն նախապայմաններից մեկն է:

Աշխատանքային այցի ընթացքում Վիգեն Սարգսյանը Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ բանակի կենտրոնական զորամասերից մեկում հանդիպել է նորավարտ սպաների հետ:

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է զինված ուժերի համակարգում և պաշտպանական ոլորտում տեղի ունեցող և ակնկալվող հայեցակարգային փոփոխություններին, պարզաբանումներ տվել «Ազգ-բանակ», «Դիտակետ» ու «Ես եմ» ծրագրերի, ինչպես նաև հանրային լայն հնչեղություն ստացած «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ հավաստիացնելով, որ բոլոր փոփոխություններն ունեն մեկ վերջնական նպատակ` ամրապնդել պաշտպանունակությունը, կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները և բարձրացնել զինծառայողների իրավական ու սոցիալական պաշտպանվածության մակարդակը:

Այցի ավարտին Վիգեն Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը ծանոթացել են Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում Ստեփանակերտում Ազատամարտիկների այգու կառուցման աշխատանքների ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG