Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը և Ռոմիկ Մանուկյանը, պաշտոնական այցով ժամանել է Տաջիկստան:
Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, այսօր Բաբլոյանը և պատվիրակության անդամները Դուշանբեում հանդիպումներ են ունեցել Տաջիկստանի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Շուքուրդջոն Զուխուրովի և Վերին պալատի նախագահ Մահմադսայիդ Ուբայդոլլոևի հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերը փաստել են, որ հայ-տաջիկական հարաբերություններն արդյունավետ զարգանում են, առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս զարգացնելու միջխորհրդարանական համագործակցությունը:
Արա Բաբլոյանը նշել է, որ այս տարի լրանում է հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և ավանդական բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված համագործակցությունն ամրապնդվում է տարբեր ուղղություններով:
Միջպետական կապերի առավել խորացման հարցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահը կարևորել է պետական մակարդակով փոխայցերը և այս համատեքստում ընդգծել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի կատարած այցը Հայաստան:
Անդրադարձ է կատարվել երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցությանը: Քննարկվել են միջխորհրդարանական կառույցներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Արա Բաբլոյանը կարևորել է Հայաստանի և Տաջիկստանի պատվիրակների արդյունավետ համագործակցությունը մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Խորհրդարանների ղեկավարները փաստել են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Կողմերն անդրադարձել են նաև առևտրատնտեսական ոլորտում փոխհամագործակցության զարգացմանը և հեռանկարային ծրագրերի իրականացմանը: