Ռուսաստանում այսօր ստալինյան բռնաճնշումների հիշատակի օրն է։ Մոսկվայում Սախարովի պողոտայի և Սադովայա փողոցների խաչմերուկում բացվեց բռնաճնշումների զոհերի հուշակոթողը։
Բացման արարողությանը մասնակցեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը։
Հուշակոթողի հեղինակն է հայտնի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը։
Խորհրդային շրջանի մի շարք հայտնի այլախոհներ, սակայն, հանդես են եկել բաց նամակով՝ նման հուշակոթողի բացումը որակելով ցինիզմ։
«Իշխանությունների երեսպաշտությանն աջակցելը անբարոյականություն է: Չի կարելի մասնակցել մի իշխանության կազմակերպած միջոցառումներին, որն իբր ցավում է խորհրդային վարչակազմի զոհերի համար, բայց իրականում շարունակում է քաղաքական բռնաճնշումները և սահմանափակում է քաղաքացիական ազատությունները երկրում», - նշված է խորհրդային նախկին հանրապետություններ ներկայացնող շուրջ չորս տասնյակ այլախոհների` Kasparov.ru կայքում հրապարակված բաց նամակում:
Ուղերձի հեղինակների թվում է նաև Վարդան Հարությունյանը։
«Պուտինյան Ռուսաստանը նման հուշակոթող բացելու բարոյական իրավունք չունի», - «Ազատության» հետ զրույցում ասել է Հարությունյանը։ - «Շատ տրամաբանական է, որ քաղաքական բռնությունների զոհերի հուշակոթող պետք է լինի ամենուր, որտեղ նման բռնություններ եղել են, այդ թվում նաև Ռուսաստանում: Բայց, քանի որ Ռուսաստանում, նաև Հայաստանում շարունակվում են քաղաքական բռնությունները, դրանք դադար չեն առել Խորհրդային Միության փլուզումից հետո, ուրեմն այն իշխանությունները, որոնք որ այսօր իրականացնում են նման բռնություններ, պետք է որ բարոյական իրավունք չունենան իրենցից առաջ եղած քաղաքական բռնությունների զոհերի թվացյալ հիշատակի կոթողներ կառուցել: Նրանք իրենք պետք է դադարեցնեն քաղաքական բռնությունները, իրենց օրոք պետք է քաղաքական բռնություններ չլինեն, որպեսզի նրանք այդ իրավունքը դրանով վաստակած լինեն: Պուտինյան Ռուսաստանը այդ իրավունքը չունի, կարծում եմ, ինչպես նաև՝ սարգսյանական Հայաստանը: Ռուսաստանի ողջ իշխանությունը արդեն տարիներ շարունակ լծված է երկրում քաղաքական բռնությունների իրականացման գործին: քաղաքական ընդդիմադիրները հալածվում են, քաղաքական ընդդիմադիրները ինքնարտահայտվել և ինքնադրսևորվել: Նույնը կրկնվում է մեզ մոտ Հայաստանում: Եվ նրանց կողմից քաղաքական բռնությունների զոհերի հիշատակումը ինքնին էդ զոհերի հասցեին կարող է դիտարկվել որպես վիրավորանք»:
Ավելի վաղ ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի ֆիլմում՝ պատասխանելով Ստալինի մասին հարցին, Պուտինն ասել էր, որ Ստալինը միանշանակ գործիչ չէր․ - «Մի կողմից բոլոր այդ բռնաճնշումներն են, որոնց հետևանքով միլիոնավոր մարդիկ են տուժել, մյուս կողմից՝ Ստալինը ագրարային Ռուսաստանը դարձրել է զարգացած արդյունաբերություն ունեցող պետություն»։
Երեկ Մոսկվայում քաղաքացիները ընթերցում էին զոհվածների անունները։ Սգո այս արարողությանը մասնակցել են մտավորականներ, եվրոպացի դիվանագետներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նաև Գրիգորի Յավլինսկին, Քսենիա Սոբչակը։
Սոբչակն անունները ընթերցելուց հետո, մասնավորապես, ասել է. - «Այնպես պետք է անել, որ հատուկ ծառայությունների և ռեպրեսիաների վրա հիմնված իշխանությունը երբեք չկրկնվի»։
2018-ին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարած լրագրող Քսենիա Սոբչակն ավելի վաղ իր բլոգում գրել էր, որ ստալինյան ռեպրեսիաների տարիներին Սովետական Միությունում սպանվել է 2 միլին 249 հազար 728 մարդ։
«Ստալինը Սովետական Միության բոլոր ազգերի թշնամին էր։ Նա մի համակարգ է ստեղծել, որտեղ իշխանությունը պատկանում է հատուկ ծառայություններին, և մինչ օրս այդ համակարգը հնարավոր չի եղել քանդել Ռուսաստանում», - գրել է Սոբչակը։