Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի համոզմամբ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի շուրջ բարձրացված աղմուկը մի փոքր արհեստական է։
Զաքարյանի խոսքով՝ առաջարկի շեշտադրումներն ու նպատակները ըստ էության չեն քննարկվում:
«Հերթական անգամ փորձ են անում վերադարձնել դեպի անցյալ, ասել՝ «այն ժամանակ էլ էր այսպես...» այն ժամանակ, այո՛, գաղափարները, ըստ էության, նույն էին, բայց կիրառման մեխանիզմները տարբեր են։ Մենք առաջարկում ենք մի բան, որը ո՛չ գիտությանն է խոչընդոտ հանդիսանալու, ո՛չ արտագաղթի համար խթան է հանդիսանալու», - Կիրակնօրյա վերլուծական հողորդման ժամանակ ասաց Զաքարյանը՝ շարունակելով․ - «Սա ոտքի վրա ծնված գաղափար չէ։ Համակողմանի քննարկել ենք բոլոր դրական ու բացասական կողմերը, ուժեղ և թույլ կողմերը և հանգել ենք այն եզրակացության, որ սա ունի հանրային պահանջարկ»։
Նշենք, որ օրենքին ընդդիմացողները նաև պնդում են՝ եթե տարկետում չլինի, ապա կրթության ոլորտում առկա խնդիրները, կոռուպցիան, կտեղափոխվեն առողջապահության ոլորտ։
Փոխնախարարը չբացառեց՝ նշելով, որ իսկապես այդտեղ կան խնդիրներ։ «Բացառելու բան չէ, որովհետև դրա վերաբերյալ նաև մենք ունենք որոշակի մտահոգություն, և հենց օրենքը նաև իր համապատասխան բաժիններում կարգավորում է այդ հանգամանքը։ Առաջիկայում արդեն կառավարության որոշումներով սահմանվելու են բոլոր այն սահմանափակումները՝ առողջական շարժառիթներով, որի պայմաններում արդեն նաև ծառայության ձևերի ընտրության, կամ ընդհանրապես ծառայության չմեկնելու, ոչ պիտանի ճանաչվելու հիմքերն են դրվելու։ Այլապես այդ դաշտը շատ աղճատված է, մի փոքր շատ կային զարտուղի ճանապարհներ, իսկ առողջ մարդու համար սահմանել սահմանափակ ծառայություն, կամ ոչ պիտանի՝ անընդունելի է։ Մենք արդեն ունենք մի շարք դեպքեր, որի պարագայում նաև համապատասխան մասնագետներն, ովքեր, որ այդ ճանապարհով գնացել են, պատասխանատվության ենթարկվելու խնդիր ունեն։ Այսինքն՝ մենք զուգահեռ խստացնում ենք մեխանիզմները, որով կարող են լինել չարաշահումներ», - ասաց Զաքարյանը։
Հիշեցնենք՝ նոր օրինագծով առաջարկվում է՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ, դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին Պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին։
Օրինագիծը նաև սահմանում է՝ այսուհետ զինվորական ծառայությունից տարկետում ստացած ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց վիճահարույց օրինագիծը։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.