Մատչելիության հղումներ

Բաքվում մի քանի ժամից կմեկնարկի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հանդիսավոր արարողությունը


Տեսարան Բաքվից, արխիվ

Մի քանի ժամից Ադրբեջանի մայրաքաղաքում կմեկնարկի Հայաստանը շրջանցող ևս մեկ խոշոր ենթակառուցվածքային ծրագրի` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հանդիսավոր արարողությունը:

Ավելի քան 10 տարի շարունակված շինարարության ավարտն ազդարարող միջոցառումներին մասնակցելու նպատակով Բաքու են ժամանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Ղազախստանի ղեկավարի ներկայությունն այսօր կայանալիք արարողությանը պատահական չէ: Աստանան շինարարության ողջ ընթացքում նշում էր, որ պատրաստվում է ակտիվորեն օգտվել Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող այս նոր երկաթուղու հնարավորություններից: Հոկտեմբերի 25-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով անցած առաջին շարժակազմն էլ ղազախական էր:

Անկարան ևս բավական ոգևորված է Հայաստանը շրջանցող այս երկաթգծի շինարարության ավարտի առթիվ:

Anadolu գործակալության տեղեկություններով՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը երկաթուղու շահագործման հանձնելու առթիվ երեկ զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:

«Թուրքական կառավարության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարներին՝ այս ծրագրին ցուցաբերած աջակցության համար», - հաղորդում է Anadolu-ն:

Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության մասին սկզբունքային համաձայնությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները ձեռք բերեցին դեռ 2005 թվականին:

2007 թվականի սկզբին կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեցին երկաթգծի շինարարության մեկնարկի մասին, իսկ Ադրբեջանը մի քանի տարիների ընթացքում Թբիլիսիին շուրջ 700 միլիոն դոլարի վարկ տրամադրեց` երկաթգծի վրացական հատվածը կառուցելու նպատակով:

Նշենք, որ անցած տասը տարիներին երեք պետությունների շինարարական կազմակերպությունները շուրջ 105 կիլոմետր նոր երկաթուղի են կառուցել Թուրքիայի և Վրաստանի տարածքում, ինչպես նաև արդիականացրել են արդեն իսկ գոյություն ունեցող գծերը. խոսքը թե՛ երկաթգծի՝ Բաքու-Թբիլիսի, թե՛ հայաբնակ Ջավախքով անցնող Ախալքալաք-Մարաբդա հատվածների մասին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG