Մատչելիության հղումներ

Նախագահը Գեղարքունիքի մարզում խորհրդակցություն է անցկացրել Սևանա լճի հիմնահարցերի շուրջ

Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Լճափ և Կարճաղբյուր համայնքներում ծանոթացել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում նշված է, որ ծրագիրն ուղղված է Սևանա լճի ձկնատեսակների, բնական պաշարների և էկոհամակարգի վերականգնմանը՝ նպատակ ունենալով վերականգնել Սևանա լճում իշխանի պաշարները, ֆինանսական միջոցներ ստեղծել Սևանա լճի բնապահպանական հիմնախնդիրների լուծման համար, ինչպես նաև ստեղծել նոր աշխատատեղեր: Ծրագրով նախատեսված է առաջիկա տարիների ընթացքում ձևավորել Սևանի իշխանի արտադրության էկոլոգիապես կայուն արժեշղթա: Արտադրության և իրացման գործընթացն իրականացնելու են «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունները, որոնք ստեղծվել են «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից

Սերժ Սարգսյանը Լճափում այցելել է «Սևան Ակվա» ընկերության ցանցավանդակային տնտեսություն, ծանոթացել կատարված աշխատանքներին ու ստեղծված ենթակառուցվածքներին:

Նախագահն այնուհետև այցելել է Կարճաղբյուրում գտնվող «Սևանի իշխան» ընկերության ձկնարտադրության համալիր, որտեղ ծանոթացել է համալիրում իրականացված աշխատանքներին և ներկա է գտնվել մանրաձկան գործարանի բացմանը:

Նորաբաց գործարանն ապահովելու է Սևանի իշխանի երկու էնդեմիկ ենթատեսակների (գեղարքունի և ամառային) մանրաձկան արտադրության ցիկլն ամբողջությամբ` մայրական վտառի կազմավորումից մինչև թրթուրի ու մանրաձկան աճեցում և կենսունակ մանրաձկան տեղափոխում Սևանա լիճ: Կենսացիկլի ամբողջական համակարգի ստեղծումը, պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն է տալիս վերահսկել արտադրության բոլոր փուլերը:

Գեղարքունիքի մարզ այցի ավարտին նախագահը Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել ոլորտի պատասխանատու պաշտոնյաների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի ընթացիկ աշխատանքների, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի տարածքում բնապահպանական խնդիրների և զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Նախագահին ներկայացվել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մշակված «Սևան» ազգային պարկի 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելը, զեկուցվել է դրանում ներառված հանութագրման նյութը, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ճշգրտման աշխատանքների ընթացքը:

Խորհրդակցության արդյունքում համապատասխան ոլորտային պատասխանատուներին տրվել են մի շարք հանձնարարականներ: Այդ թվում՝ հանձնարարվել է 2019 թվականի ընթացքում ամբողջովին ավարտել Արփա-Սևան թունելի վթարային հատվածների վերականգնման ներկա փուլի աշխատանքները՝ դրա համար նախատեսելով ֆինանսավորման համարժեք ծավալներ: Այդ աշխատանքների ավարտից հետո ակնկալվում է, որ Սևանա լիճ թունելով տեղափոխվող ջրի ծավալները ներկայիս ծավալների համեմատ գրեթե կկրկնապատկվեն՝ կազմելով 200-250 մլն խմ:

Սևանա լիճ թափվող գետերի ջրերի որակի շարունակական բարելավման նպատակով բնապահպանության նախարարությանը և ԷԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվել է Սևանա լճի ավազանի խոշոր բնակավայրերի տարածքներում կառուցված մաքրման կայանների օգտագործման արդյունավետության բարձրացման միջոցառումներ մշակել, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ տարածքում տնտեսական գործունեություն ծավալող վարձակալների կողմից տեղային մաքրման կայանների տեղադրման աշխատանքների խրախուսման ուղղությամբ:

Բնապահպանության նախարարությանը նաև հանձնարարվել է շարունակել աշխատանքները հանրային լողափերի ավելացման և լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկվող տարածքների առաջանցիկ տեմպերով մաքրման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ՝ ֆինանսական պլանավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

XS
SM
MD
LG