Մատչելիության հղումներ

«Հանուն գիտության զարգացման»-ի անդամները շարունակելու են պայքարը զինծառայության մասին օրինագծի դեմ


«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ցույցը Ազգային ժողովի շենքի մոտ, Երևան, 25-ը հոկտեմբերի, 2017թ․
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ցույցը Ազգային ժողովի շենքի մոտ, Երևան, 25-ը հոկտեմբերի, 2017թ․

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները չեն դադարեցնելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի չեղարկման համար սկսած պայքարը: Օրենքի վիճահարույց նախագիծը երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ձայների 87 կողմ և 9 դեմ հարաբերակցությամբ:

Ըստ օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի պաշտպանության նախարարության հետ` ընդ որում ուսումնառությունից հետո ծառայելով ոչ թե երկու, այլ երեք տարի:

Օրենսդրական նախաձեռնության դեմ պայքարող ուսանողները հիասթափված են: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանն ասում է` օրենքն ընդունում են առանց իրենց փաստարկները լսելու: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ այդպես էլ չեն կարողացել հանդիպել:

«Փաստն այն է, որ էն բոլոր արգումենտները, որ մենք էս օրերի ընթացքում բերեցինք, որոնք ծանրակշիռ էին, ու դրանցից շատերին հակափաստարկներ չհնչեցին, դրանց ոչ մեկ ուշադրություն չդարձրեց, ու թե՛ կրթության և գիտության, թե՛ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները էդպես էլ որևէ ֆորմատով չհամաձայնվեցին հրապարակային քննարկումներ ու բանավեճեր ունենալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կոստանյանը:

Նրա խոսքով՝ իրենք փողոց են դուրս եկել սեփական նախաձեռնությամբ: Երեկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հիշեցնենք, լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին մեղադրել էր ուսանողներին ակտիվորեն դասադուլի դրդելու մեջ: «Ես պարբերաբար հանդիպում եմ ամենատարբեր ուսանողական կառույցների ներկայացուցիչներին, տեղյակ եմ, որ «Ելք» դաշինքից պարոն Միրզոյանը ակտիվ հրահրում էր մի քանի երիտասարդի՝ համալսարանում դասադուլ սկսելու և այլն, դրա մասին խոսել եմ նաև խորհրդարանում: Նրանցից մի քանիսի հետ հանդիպել եմ՝ առանց լուսաբանելու, չեմ ուզում անուններ նաև հնչեցնել, իրենք ինձ մանրամասն պատմել են, թե ինչպես է ընթացել իրենց երկխոսությունը «Ելք»-ի հետ էդ թեմայով: Քաղաքական մշակույթի հարց է՝ ամեն մեկը իր ձևով է ընտրում», - ասել էր Սարգսյանը:

Երևանի Պետական համալսարանի ուսանող Վահան Կոստանյանի խոսքով, իրենք նախագծին դեմ քվեարկած խորհրդարանական միակ ուժի` «Ելք»-ի հետ պաշտոնական հանդիպումներ չեն ունեցել, սակայն առաջիկայում ցանկանում են խորհրդարանական բոլոր ուժերի հետ էլ հանդիպել:

«Ասում էր, որ Արարատ Միրզոյանն է դրդում, միգուցե էստեղ նկատի ունենալով էն ֆորմատները հանդիպման, որ մենք ունեցել ենք 2004 թվականի «Հանուն գիտության զարգացման» շարժման ներկայացուցիչների հետ, էդ թվում նաև՝ Արարատի, բայց ոչ մի հանդիպում մինչ օրս առանձին «Ելք» խմբակցության կամ «Ելք»-ի հետ նախաձեռնությունը չի ունեցել: Մենք էս շաբաթ պլանավորում ենք հանդիպման հրավիրել առանձին-առանձին արդեն բոլոր չորս խմբակցությունների ներկայացուցիչներին, որպեսզի հասկանանք իրենց տեսակետը երկրորդ ընթերցման վերաբերյալ ու փորձենք մեր տեսակետները փոխանցել իրենց», - ասաց Կոստանյանը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի արդեն հաջորդ քառօրյայում։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի խոսքով՝ բարձրացված աղմուկն արհեստական է: Ասում է՝ օրինագիծը մանրամասն քննարկել են, և դրանում տեղ գտած դրույթները ոտքի վրա ծնված գաղափարներ չեն:

«Մենք առաջարկում ենք մի բան, որը ո՛չ գիտությանն է խոչընդոտ հանդիսանալու, ո՛չ արտագաղթի համար խթան է հանդիսանալու: Համակողմանի քննարկել ենք բոլոր, բոլոր իր, էսպես, դրական և բացասական կողմերը, ուժեղ և թույլ կողմերը, և հանգել ենք այն եզրակացության, որ սա ունի հանրային պահանջարկ», - «Ազատության» հետ զրույցում ասաց փոխնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG