Մատչելիության հղումներ

Yerevan Jazz Fest-2017-ը համախմբել է աշխարհահռչակ ջազմենների


Մարկուս Միլլերը համերգի ժամանակ, արխիվ

Հինգշաբթի երեկոյան Մարզահամերգային համալիրում սկսվեց Yerevan Jazz Fest-2017 միջազգային ջազ փառատոնը:

Փառատոնը երրորդ տարին անընդմեջ մի քանի օր շարունակ Երևանում է համախմբում աշխարհահռչակ ջազմենների և հնարավորություն է տալիս ջազի երևանյան երկրպագուներին վայելել նրանց համերգները, նաև, իհարկե, ունկնդրել հայաստանցի հանրահայտ ջազմեններին: Այն կազմակերպում է Ջազի հայկական ասոցիացիան՝ հիմնադիր նախագահ Կամո Մովսեսյանի գլխավորությամբ, և հենց նրա որոշմամբ էլ ամեն տարի այս միջազգային ջազ փառատոնը նվիրվում է աշխարհահռչակ հայերից մեկի հիշատակին։ Այս անգամ այն նվիրված է 17-րդ դարում Կոնստանդնապոլսում ապրած վաստակաշատ ալքիմիկոս Ավեդիս Զիլդջյանի հիշատակին:

Փառատոնի համերգային ծրագիրը ներկայացնող բուկլետում նշված է շատ ուշագրավ մի փաստ: Պարզվում է, որ Ավեդիս Զիլդջյանը բոլոր ալքիմիկոսների նման անընդմեջ փորձել է ոսկի ստանալ տարբեր նյութերի միացություններից կամ խառնուրդներից և 1618 թվականին Կոնստանդնապոլսում իր արհեստանոցում աշխատելիս մի համաձուլվածք է ստացել, որից էլ հզոր, բացառիկ ձայնով օժտված ծնծղաներ է պատրաստել ու 1623 թվականին հիմնել է Zildgyan ընկերությունը, որն էլ դարեր ի վեր մինչև այժմ ոչ միայն զբաղվում է նույն գործունեությամբ, այլև այսօր Զիլդջյան բրենդը ողջ աշխարհում ռոք և ջազ նվագախմբերին ծնծղաներ մատակարարող թիվ մեկ ընկերությունն է հանդիսանում: Ահա թե ինչու է փառատոնն այս տարի նվիրված Ավեդիս Զիլդջյանին:

Երկու օր առաջ մեկնարկած Ջազ փառատոնի առաջին համերգին հանդես եկավ աշխարհահռչակ Մարկուս Միլլերն իր նվագախմբի հետ, առաջիկայում՝ մինչև նոյեմբերի 3-ը փառատոնի շրջանակում կայանալիք համերգներին հանդես կգան նաև այլ աշխարհահռչակ ջազմեններ, դե իսկ փառատոնի փակման համերգին հանդես կգա հանրահայտ Գոնսալո Ռուբալկաբան Կուբայից՝ Վահագն Հայրապետյանի և ֆրանսահայ Ալեքսիս Ավագյանի հետ: Կիրակի երեկոյան էլ Արամ Խաչատրյան համերգասրահում մի շատ ուշագրավ համերգ է տեղի ունենալու՝ հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ և Լևոն Մալխասյանի, Արտո Թունջբոյաջյանի, Իգոր Բուտմանի ու մեներգչուհիներ Աննա Վարդազարյանի և Անի Արզումանյանի մասնակցությամբ: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 30-ին հայ ջազմենները հանդես կգան Գյումրիում՝ Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, նոյեմբերի 1-ին էլ կրկին Արամ Խաչատրյան համերգասրահում Արտո Թունջբոյաջյանի և այլ հայ ջազմենների հետ հանդես կգա Սենեգալից ժամանած հանրահայտ ջազմեն Պակո Սառը։

Ի պատասխան «Ազատության» հարցի, թե իր կարծիքով՝ ի՞նչ կոնկրետ առաքելություն են իրականացնում նման փառատոները, Լևոն Մալխասյանը ասաց․ - «Ես 60 թվից եմ սկսել նվագել՝ 60-ականների սկզբից, և ջազի նկատմամբ հետաքրքրությունը․․․ երբ ինձ հիմա ասում են՝ այս երկու տարում մոդայիկ է դառել ջազը, ա՛յ բալամ, մոդայիկ եղել է 60 թվին էլ, 70-ին էլ, 80-ին էլ և մինչև հիմա: Ինչքան ջազային միջոցառումներին մասնակցել եմ՝ կա՛մ պատուհան են ջարդել, կա՛մ դուռ են ջարդել: Շատ կարևոր է պահպանել տրադիցիաները, որը հիմնվել է 38 թվին՝ Արտեմի Այվազյան, Օրբելյան, Մելիք Մավիսակալյան, Մարտին Վարդազարյան, Ստեփան Շաքարյան, Առնոն՝ էդ մարդկանց շարունակողն ենք մենք, մենք մյուս սերնդի ներկայացուցիչներն ենք՝ 60-ականներս, այսպես ասեմ: Մենք տարբերվում էինք նրանցից նրանով, որ նրանք ունեին մեծ խմբեր՝ բիգ բենդներ: 60-ականների սկզբին առաջին փոքր խումբը կազմեցինք մենք՝ Բրյուսովի ինստիտուտում, և սնկի պես սկսեցին աճել էդ փոքր խմբերը, շարժումը ջազային, որը մինչև հիմա տևում է, և ես միայն ուրախանում եմ»:

Մալխասյանի համոզմամբ՝ հատկապես նման ջազ փառատոները իսկական տոն են մեր համաքաղաքացիների համար․ - «Որովհետև այսօր էլ կան ջահել շշմելու նվագողներ Երևան քաղաքում, որով կհպարտանա ցանկացած երկիր: Դա և՛ Տիգրանն է Համասյան, և՛ Կարենն է Գրիգորյան, և ես կարող եմ երկար շարունակել: Հիմա էլ նրանք են էս նույն տրադիցիաները շարունակելու: Փառատոները հենց դրանով են կարևոր և ցանկալի, որ իրար հետ նվագում են, իրար հետ շփվում են, կապեր են հաստատում, իրենք են մեկնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG