Արդեն պատրաստ է Ռուսաստանի այն քաղաքացիների և ընկերությունների ցուցակը, որոնք ենթարկվելու են նոր պատժամիջոցների, երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիթեր Նաուերթը։
Ցուցակը, հիշեցնենք, պետք է պատրաստ լիներ դեռևս հոկտեմբերի 1-ին, և ԱՄՆ սենատորները քննադատում էին Սպիտակ տանը այն ուշացնելու համար։
Նաուերթը ցուցակը չի ներկայացրել ամբողջությամբ, միայն հայտարարել է, որ այն կփոխանցվի Կոնգրեսին և հաստատվելուց հետո կհրապարակվի Պետքարտուղարության կայքում արդեն մոտ ժամանակներս։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ ցուցակում ընդգրկված են այն քաղաքացիներն ու ընկերությունները, որ կապված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական ոլորտի և հատուկ ծառայությունների հետ։
The New York Times-ը, սակայն, հրապարակել է ցուցակը, որում Ռուսաստանի ռազմական արդյունաբերության 33 ընկերություններ են, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը և մի շարք հետախուզական կազմակերպություններ։ Ցուցակում են, մասնավորապես, «Ռոսօբորոնէքսպորտ»-ը, «Իժմաշ»-ը, «Ռոստեխ»-ը, ռազմական օդանավերի արտադրության ՄիԳ, «Սուխոյ» և «Տուպոլև» ընկերությունները, «Կալաշնիկով» կոնցեռնը, «Ալմազ-Անտեյ»-ը, «Ռուսաստանի ուղղաթիռներ», «Ուրալվագոնզավոդ» ընկերությունները։
Հիշեցնենք, դեռևս օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրենքը, որն արգելում է Միացյալ Նահանգների նախագահին ինքնուրույն չեղարկել Ռուսաստանի դեմ արդեն գործող պատժամիջոցները և թույլ է տալիս Վաշինգտոնին նոր պատժամիջոցներ սահմանել։
Եթե ներկայացված ցուցակը հաստատվի, ապա դրանում առկա ընկերությունները չեն կարողանա օգտվել ամերիկյան բանկերի ծառայություններից։ Նրանց ակտիվները ամերիկյան բանկերում կսառեցվեն, իսկ այդ ընկերությունների աշխատակիցները կարտաքսվեն երկրից։ Ավելին, եթե ռուսական ընկերությունները գործարքներ կնքեն երրորդ երկրների հետ, և այդ գործարքների մեջ լինեն ամերիկյան բանկերը կամ դրանց արտասահմանյան մասնաճյուղերը, ամերիկյան կողմը իրեն իրավունք է վերապահում կասեցնել ռուսական զենքի և սպառազինության վաճառքի գործարքները։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ասել էր, որ այս նոր պատժամիջոցները արտացոլում են ամերիկացիների կամքը, ամերիկացիներն ուզում են, որ Ռուսաստանը որոշակի քայլեր ձեռնարկի երկու երկրների միջև հարաբերությունները բարելավելու համար։
Այս նոր պատժամիջոցները պատասխանն է ամերիկյան ընտրություններին միջամտելու ռուսական կողմի փորձերի։ Թե Ռուսաստանի բարձրաստիճան չինովնիկներից ովքեր են հայտնվել այս նոր ցուցակում, դեռևս հայտնի չէ։
Հավելենք, որ զենքի վաճառքից առաջացած եկամուտը ռուսական բյուջեի մի զգալի հատվածն է, և փորձագետների կարծիքով՝ այս նոր պատժամիջոցները կարող են չափազանց զգայուն լինել ռուսական տնտեսության համար։
«Աշխարհում Միացյալ Նահանգներից բացի շատ այլ երկրներ կան, և Ռուսաստանը շարունակելու է զարգանալ՝ համագործակցելով բազմաթիվ գործընկերների հետ աշխարհով մեկ», - ի պատասխան այս նոր պատժամիջոցների՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է մի տեսագրություն, որում երկրի նախագահ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ փորձարկվում է «Տոպոլ» միջմայրցամաքային հրթիռային համակարգը։