Մատչելիության հղումներ

Պատվոգիրը երեսով տալը խայտառակություն է․ Էդմոն Մարուքյանը՝ Վիգեն Սարգսյանին


Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ չի կարող լինել մի բան, որը խմբակցության անդամները քննադատեն, բայց դա արած լինեն: Հետևաբար, արձագանքելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, նա շեշտեց՝ «կոմֆորտի մեջ է» թե՛ ինքը, թե՛ խմբակցության անդամները։

Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փորձում էր հակադարձել ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից հնչող այն տեսակետներին, թե ինչպես են բանակում չծառայած իշխանության անդամները, օգտվելով տարկետման իրավունքից, այսօր զրկում մյուսներին այդ հնարավորությունից: Սարգսյանը հայտարարեց, մասնավորապես, թե «Ելք»-ում էլ կան չծառայած պատգամավորներ՝ տալով Էդմոն Մարուքյանի և Արարատ Միրզոյանի անունները։

«Հասկանում եմ, պարոն Միրզոյան, որ Դուք Ձեզ մեծ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ դրա համար: Բայց զարմանում եմ, թե Դուք ի՞նչ խղճով եք ստացել Պաշտպանության նախարարության պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելուց հետո: Ո՞ր Ձեր արածի համար Զինված ուժերի և բանակի համար, որ հիմա էլ էս ամբիոնից ինչ-որ մեկին մեղադրում եք կոմֆորտի, դիսկոմֆորտի մեջ: Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել, շատ հստակ՝ ո՞նց է եղել, որ ինքը զինծառայությանը զուգահեռ բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում: Էդ ժամանակ հեռահար կրթություն չկար: Եթե նա ստացել է արտոնություն, որ կարողացել է հեռակա կարգով սովորել, իր բառապաշարը երեկվա օգտագործելով, ուզում եմ հարցնել․ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է էդ արտոնությունը ստացել: Իսկ եթե ֆորմալ չի եղել, եթե երկուսն էլ իրական է արել, ինչի՞ է կարծում, որ ինքը դա կարող է անել, իսկ էսօր զորակոչվող ուսանողը չի կարողանալու դա անել: Վերին արտի ցորե՞ն է», - ասել էր նախարարը:

Մարուքյանն «Ազատության» հետ զրույցում հակադարձեց՝ հնարավոր չէ, որ իրենք ապօրինություն արած լինեն ու հանգիստ տեղները նստած քննադատեն ապօրինությունը։

«Բնականաբար շատ կոմֆորտի մեջ եմ ես և մեր խմբակցությունը» - ասաց «Ելք» խմբակցության անդամը՝ պարզաբանելով. - «1998 թվականին ես ընդունվել եմ Վանաձորում մասնավոր բուհի մասնաճյուղ, հնարավորություն չեմ ունեցել գնալու ռեպետիտորների մոտ, պետական բուհերի վարձերը շատ թանկ էին այն ժամանակ, և գնացել եմ մի բուհ, որտեղ տարկետման իրավունք չկար։ Այսինքն՝ չկար հավասարություն նաև այն ժամանակ։ Իրավաբանական ֆակուլտետում մեկ տարի գերազանց սովորելուց հետո ինձ զորակոչել են բանակ։ Ես հայտնվել եմ իմ տանից մոտավորապես 600 կիլոմետր հեռավորության վրա գտնվող սահմանային զորամասում և սկսել եմ ծառայել ինժեներասակրավորական վաշտում, իմիջիայլոց՝ շատ ծանր ծառայություն եմ ունեցել, այնպես չէ, որ հեշտ էլ ծառայել եմ՝ մազերս էլ բանակում են թափվել։ Կրթության մասով էլ, եթե կասկածանքներ կան, ապա այդ բուհից հետո ես շարունակել եմ կրթությունս Պետական կառավարման ակադեմիայում, որը Վիգեն Սարգսյանի կուռացիայի տակ էր, և պետական քննական հանձնաժողովի նախագահն ինքն էր։ Բավականին բարձր գնահատական եմ ստացել, հենց իր հարցաքննությունից հետո։ Եթե մութ պայմանավորվածության հնարավորություն ունենայի, նախ կյանքում նման բաների չեմ գնացել, բայց եթե այդպես լիներ, ես երևի հայտնված կլինեի Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ նվազագույնը»։

Մարուքյանը հետաքրքրվում է՝ ի՞նչ է, նախարարը նեղացե՞լ է ընդդիմությունից, թե՞ «անձնական խնդիրների բան է դարձրել» այդ հարցի քննարկումը։

«Անձնական թիրախավորումը՝ այդ չարացած տոնով, ի՞նչ բան է՝ նախարարը նեղացե՞լ է ընդդիմությունից, թե՞ անձնական խնդիրների բան է դարձրել այդ հարցի քննարկումը։ Կամ երեսով տալ Արարատ Միրզոյանի պատվոգիրն այն դեպքում, երբ որ դու՝ պաշտպանության նախարար լինելով, պետք է իմանաս, թե ինչու է նա այդ պատվոգիրը ստացել։ Եթե դու գիտես, որ նա պատվոգիրը ստացել է նրա համար, որ գնացել է մի ամիս խրամատ է փորել՝ գիտնական լինելով հանդերձ... էդ շատ խրամատ փորողներ ունե՞ք գիտնականների մեջ, շատ խրամատ փորողներ ունե՞ք Ազգային ժողովում, որ մի խրամատ փորողի էլ երեսով եք տալիս՝ «էդ ի՞նչ խղճով ես պատվոգիր ստացել»: Եթե գիտես, որպես նախարար, որ դրա համար է ստացել, և քննադատում ես, ապա շատ վատ է, եթե չգիտես, որ դրա համար է ստացել ու քննադատում ես, դա սարսափելի է, որովհետև չես տիրապետում քո գերատեսչության տեղեկատվությանը։ Երկու պարագայում էլ այդ հարցը երեսով տալն ուղղակի խայտառակություն է», - ասաց Մարուքյանը։

Մարուքյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG