Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ականները պարզաբանում են, թե ինչու չեն ծառայել բանակում


Իշխող Հանրապետականի պատգամավորներն այսօր Ազգային ժողովում փորձում էին բացատրել, թե ինչպես է ստացվել, որ բանակում չեն ծառայել և այսօր բարձր պաշտոներ են զբաղեցնում:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ «Զինծառայողների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե այսօրվա իշխանությունը բանակում չծառայածների իշխանություն է, ովքեր օգտվել են ուսման համար տարկետման իրավունքից, բայց այսօր փորձում են մյուսներին զրկել այդ հնարավորությունից:

Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ամբիոնի հայտարարեց, որ, այո, ինքը բանակում չի ծառայել, բայց նաև չի օգտվել տարկետման իրավունքից: Այսինքն, ուսման պատճառով չէ, որ չի ծառայել բանակում, իսկ թե ինչ պատճառով՝ Շարմազոնովը չմանրամասնեց, սակայն խոստացավ, որ եթե լրագրողներն ու ընդդիմադիրները հետաքննություն անեն ու պարզեն , որ ինքը անօրինական ձևով է ազատվել ծառայությունից, ապա կթողնի պաշտոնը և դուրս կգա քաղաքականությունից:

«Բերեք հստակ տարբերակենք դասալքությունը և չծառայելը: Տարկետման մասին խոսում եք՝ փոխնախագան, փոխնախագան․․․ Տարկետումը վատ բան չի, բայց պարոն փոխնախագան տարկետման իրավունքից չի օգտվել: Ես երբեք տարկետման իրավունքից չեմ օգտվել, պաշտպանել եմ հետո, ասպիրանտուրա չեմ ընդունվել, ընդունվել եմ հայցորդ, որովհետև միգուցե ազդեցիկ զանգահարող չեմ ունեցել․․․ բայց որևէ զինվորական կոմիսարիատի կանչերին մի վայրկյան անգամ չեմ ուշացել: Պարտաճանաչ գնացել եմ բոլոր զինկոմիսարիատները․․․ Հիմա չեն կանչել․․․ գտել են, որ իմ զինվորական ծառայությունը պետք չի: Դա օրենքով է եղել: Տասնմեկ տարի ա՝ Շարմազանովը չի ծառայել, չի ծառայել․․․ Մի հատ հետաքննություն արեք ընդդիմադիրներով, լրագրողներով, տեսեք ինչու չի ծառայել․ խուսափե՞լ ա, թե՞ չէ: Որ օրը ես խուսափելով լինեմ, ես պաշտոնապես հայտարարում եմ՝ և՛ քաղաքականությունից դուրս կգամ, էս պաշտոնն էլ կազատեք մեկի համար»:

Նշենք, որ իշխող քաղաքական ուժի խոսնակը միակը չէ, որ չի ծառայել բանակում: Չծառայածների մեջ է նաև Հանրապետականի փոխնախագահ, խորհրդարանի արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ով, ի դեպ, փոխգնդապետի կոչում ունի: Թե ինչպես է բանակում չծառայելով այդ կոչումը ստացել, պարզ չէ: Նկատենք, որ Աշոտյանը նաև Պաշտպանության նախարարության կողմից մի շարք մեդալներ է ստացել՝ «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Բաղրամյան» և այլն:

Չծառայածների մեջ են նաև Հանրապետական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը , Միհրան Հակոբյանը, Կարեն Ավագյանը: Վերջինս «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց, թե իր մասնագիտությունը ընտրած քաղաքացիներին, տվյալ դեպքում դատաբժիշկներին, բանակ չեն զորակոչում: Ի դեպ, դատաբժշկի մասնագիտություն ունի նաև Արմեն Աշոտյանը:

Կարեն Ավագյան
Կարեն Ավագյան

«Ուղղակի մասնագիտությունների շարք կա․ դա ախտաբանական անատոմներն են, դա դատական բժիշկներն են, իրենք սպասարկում են պաշտպանության ոլորտը նաև քաղաքացիական գործունեություն իրականացնելիս․․․ Դատաբժշկի պահանջարկը Պաշտպանության նախարարության սպասարկման, դա Հայաստանի դատաբժշկական սպասարկման կենտրոնն է, որը միևնույն ժամանակ սպասարկում է Պաշտպանության նախարարությանը: Ես իմ գործունեության մեջ, մինչև այստեղ հայտնվելը, դատական բժիշկ եմ, ես այսօր էլ դատական բժիշկ եմ և դասավանդում եմ Բժշկական համալսարանում», - ասաց Ավագյանը:

Հարցին, թե իր մասնագիտական գործունեության ընթացքում արդյոք առնչվել է բանակին, պատգամավորն արձագանքեց․ - «Այնտեղ առանձնացված չի․․․ Կոնկրետ ամբողջ հիմնարկը սպասարկում է նաև Պաշտպանության նախարարությանը: Առանձին Պաշտպանության նախարարությունում դատական բժիշկներ, դատաբժշկական փորձագետներ չկան»:

Ի դեպ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր «Զինվորական ծառայության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ սուր քննադատության ենթարկեց ընդդիմադիր «Ելք»-ի պատգամավորներին, ովքեր անընդունելի են համարում երիտասարդներին ուսուման նպատակով տարկետման իրավունքից զրկելը:

Վիգեն Սարգսյանն ասաց, թե փառք է տալիս Աստծուն , որ «Ելք»-ը իր աշխարհընկալմամբ փոքրամասնություն է կազմում խորհրդարանում: Պաշտպանության նախարարը փորձեց հակադարձել ընդդիմադիր խմբակցությունից հնչող այն տեսակետներին, թե ինչպես են բանակում չծառայած իշխանության անդամները, օգտվելով տարկետման իրավունքից, այսօր զրկում է մյուսներին այդ հնարավորությունից:

Վիգեն Սարգսյան
Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյանը շեշտեց, թե «Ելք»-ում էլ կան չծառայած պատգամավորներ՝ տալով Էդմոն Մարուքյանի և Արարատ Միրզոյանի անունները․ - «Հասկանում եմ, պարոն Միրզոյան, որ Դուք Ձեզ մեծ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ դրա համար: Բայց զարմանում եմ, թե Դուք ինչ խղճով եք ստացել Պաշտպանության նախարարության պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելուց հետո: Ո՞ր Ձեր արած համար Զինված ուժերի և բանակի համար, որ հիմա էլ էս ամբիոնից ինչ-որ մեկին մեղադրում եք կոմֆորտի, դիսկոմֆորտի մեջ: Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել, շատ հստակ․ ո՞նց ա եղել, որ ինքը զինծառայության զուգահեռ բարձրագույն կրթություն ա ստացել նույն տարիների ընթացքում: Էդ ժամանակ հեռահար կրթություն չկար: Եթե նա ստացել է արտոնություն, որ կարողացել ա հեռակա կարգով սովորել, իր բառապաշարը երեկվա օգտագործելով, ուզում եմ հարցնել․ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով ա էդ արտոնությունը ստացել: Իսկ եթե ֆորմալ չի եղել, եթե երկուսն էլ իրական ա արել, ինչի՞ ա կարծում, որ ինքը դա կարա անի, իսկ էսօր զորակոչվող ուսանողը չի կարողանալու դա անի: Վերին արտի ցորե՞ն ա»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն «Ազատության» հետ զրույցում հակադարձեց Վիգեն Սարգսյանին՝ ասելով, թե ինքը վատ չի զգում, երբ խոսում է օրենքի նախագծի դեմ, քանի որ, այո, ուսումնառության ընթացքում օգտվել է տարկետման իրավունքից և ցանկանում է, որ դրանից շարունակեն օգտվել նաև մյուս երիտասարդները: Այնպես որ, Միրզոյանի խոսքով, Վիգեն Սարգսյանի հայտարարությունը անտեղի է․ - «Ես, այո, չեմ ծառայել՝ օգտվելով տարկետման իրավունքից, և հիմա կարծում եմ, որ տարկետման ինստիտուտը պետք ա պահպանվի: Դա լավ բան ա: Պատվոգրի համար էլ ակնարկ արվեց: Ես ուղղակի ուզում եմ, որ հանրությունը տեղյակ լինի․ ես Պաշտպանության նախարարությունից պատվոգիր եմ ստացել, որովհետև ապրիլյան պատերազմի օրերին, ապրիլի 2-ից հետո կամավորագրվել եմ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մյուս ընկերների հետ մեկնել եմ առաջնագիծ»:

Արարատ Միզոյան
Արարատ Միզոյան

Հարցին, թե ինչ է արել առաջնագծում, Միրզոյանն արձագանքեց․ - «Խրամատների ամրացման, կառուցման գործեր էինք անում․․․ Զենք վերցրել էինք, մարտական փամփուշներ, ամեն վայրկյան պատրաստ էին երրորդ պաշտպանական գծից հայտնվել առաջին գծում: Մենք նախապես վարժանքներ անցանք Սովետաշենի զորամասում»:

Հավելենք, որ վաղը «Զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի խորհրդարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG