Մատչելիության հղումներ

«Արջանոց» ռեստորանից հերքում են, թե իրենց արջերը վատ պայմաններում են պահվում


Արջեր՝ Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրում, 26-ը հոկտեմբերի, 2017 թ․

Բրիտանական հեղինակավոր The Daily Mail պարբերականն օրերս հանդես էր եկել հայաստանյան ռեստորաններից մեկում վանդակված 2 գորշ արջերի մասին հրապարակմամբ, ընդգծելով, որ այցելուներին զվարճացնելու համար նախատեսված այդ կենդանիները պահվում են շատ վատ պայմաններում:

Հայաստանի գործող օրենսդրությունն անհատին չի արգելում ձեռք բերել ու պահել վայրի կենդանիներ, եթե անգամ դրանք գրանցված են Կարմիր գրքում։ Ըստ բնապահպանների, դա «օրենքի բացն է», ինչը հաճախ ճակատագրական է լինում վանդակներում փակված կենդանիների համար։

Այն, որ Հայաստանում կենդանիների իրավունքները պաշտպանված չեն՝ փաստում է նաև բրիտանական հեղինակավոր The Daily Mail պարբերականը։ Օրերս հրապարակած հոդվածում բրիտանական պարբերականը ներկայացրել է հայաստանյան ռեստորաններից մեկում վանդակում պահվող 2 գորշ արջերի պատմությունը: Ռեստորանի այցելուներին զվարճացնելու համար նախատեսված այդ կենդանիները, ըստ հրապարակման հեղինակի, պահվում են վատ պայմաններում՝ անհամբեր սպասելով իրենց վանդակ շպրտվող ուտելիքի մնացորդներին:

«Ազատության» դիտարկումներից պարզ դարձավ, որ նշված հրապարակման մեջ ներկայացվել է Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրը, որտեղ էլ պահվում են գորշ արջերը։ Ըստ բնապահպան Սիլվա Ադամյանի՝ այդ հրապարկմամբ՝ Հայաստանը «հերթական անգամ խայտառակվեց միջազգային ասպարեզում»։ «Սա ուղղակի խայտառակություն է, բացարձակ անընդունելի փաստ մեր երկրի համար»,- «Ազատության» հետ զրույցում նշեց Ադամյանը:

Բրիտանական պարբերականի հոդվածում խոսվում է նաև միջազգային կենդանապաշտպան կազմակերպության մասին, որն ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում, փրկության առաքելություն է իրականացնում։ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» հետ միասին International Animal Resque կազմակերպությունը Հայաստանի Ուրցաձոր գյուղում այժմ կառուցել է կենդանիների ապաստարան, որտեղ, հնարավոր է, հայտնվեն նաև «Արջանոցի» գորշ բնակիչները։ Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ասում է, թե այդ ռեստորանում խնդիրը միայն պահման պայմանների մեջ չէ։ «Ոչ միայն կենդանիների վիճակն է վատ, կա նաև էթիկայի կանոնների հետ կապված խնդիր՝ չի կարելի ռեստորանում նման փոքր վանդակում ունենալ արջեր»,- ասում է Խաչատրյանը, հիշեցնելով, որ տարիներ առաջ նույն վայրում արջերը խեղդվելուց էին մի կերպ փրկվել:

«Իմ արջերն ավելի լավ են ապրում, քան որոշ մարդիկ»

«Ազատությունն» այսօր այցելեց նշված ռեստորանային համալիր։ Տնօրենը տեղում չէր, աշխատակիցներն արգելեցին ներսում նկարահանումներ կատարել։ Ավելի ուշ մեզ հետ կապ հաստատեց մի կին, ով ներկայացավ որպես «Արջանոց» ռեստորանի սեփականատեր: Նա հրաժարվեց ասել անունը, չցանկացավ նաև ձայնագրվել, միայն նշեց․ «Իմ արջերը սոված չեն, կուշտ են, նրանց համար նախատեսված տարածքը բավականին մեծ է, ունեն 2 որջ, 3 բաց տարածք, իմ արջերն ավելի լավ են ապրում, քան որոշ մարդիկ»։

Ըստ սեփականատեր ներկայացած տիկնոջ՝ արջերն ինքը նվեր է ստացել 15 տարի առաջ, պահել է մինչև այսօր, բայց կենդանիների համար նախատեսված տարածքն ի վիճակի չէ մեծացնել։ Նա «Ազատությանը» նաև փոխանցեց, որ բնապահպանության նախարարության տեսուչներին ասել է՝ եթե կարող եք, եկեք տարեք։ Բնապահպանության նախարարությունից «Ազատությանը» հաղորդեցին, որ համալիրի երկու արջերի ազատավանդակի չափերը չեն համապատասխանում կառավարության որոշման մեջ սահմանված պահանջներին։ «Ապահովված չի եղել համապատասխան 50 քմ տարածք և 3 մ բարձրություն ունեցող վանդակ: Նման դեպքերում տեսչական մարմինն ունի լիազորություն՝ վերցնել կենդանուն, բայց խնդիրն այն է, որ այլ վայր տեղափոխելու հնարավորություններ չկան»,- ասաց նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը:

Թե քանի նման կենդանի է պահվում անազատության մեջ, ի պատասխան այս հարցին, բնապահպանության նախարարության պաշտոնյան նշեց, թե հստակ թվերի չի տիրապետում: Ասում է՝ կա մոտավոր հաշվարկ, ինչը հրապարակման ենթակա չէ։ Ըստ բնապահպան Սիլվա Ադամյանի՝ Հայաստանում անհատ անձինք, արջերից զատ, պահում են նաև հովազներ, լուսաններ, առյուծներ ու Կարմիր գրքում գրանցված այլ վայրի կենդանիներ։

Նկատենք՝ բրիտանական պարբերականն իր հոդվածում շեշտել է 80 արջի մասին, որոնք «սարսափելի պայմաններում են պահվում»։ Հաշվառման սեփական տվյաներն ունի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը», ըստ որի՝ այդ թիվը մոտ է 60-ին: Բնապահպան Սիլվա Ադամյանի կարծիքով՝ այս խնդրի լուծման միակ տարբերակը վայրի կենդանիներին անազատության մեջ պահելն օրենքով արգելելն է։ Բնապահպանության նախարարությունից էլ «Ազատությանը» հայտնեցին, որ օրենքի նոր նախագծով արգելք չի նախատեսվի, պարզապես կխստացվեն պահման պայմանների հետ կապված պահանջները։ «Արգելելն իրատեսական չէ»,- նշեց նախարարության պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG