Մատչելիության հղումներ

ՊՆ-ի նոր նախագիծը ո՛չ բանակը կուժեղացնի, ո՛չ կրթական համակարգը. «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ


Հավանաբար բանակը չունի զորահավաքային ռեսուրսներ և խնդիր կա համալրելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Վահրամ Սողոմոնյանն՝ անդրադառնալով Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին նոր օրենքի նախագծին։

«Մենք ունենք դեմոգրաֆիական լուրջ խնդիր՝ արտագաղթ, մի միտում, որը հնարավոր չէ պարզապես ուսանողներին բանակ ուղարկելով, ռազմականացնելով հասարակությունը լուծել, այլ պետք է վերադառնալ այն կետին, երբ մենք սխալվեցինք 2000-ական թվականներին, երբ ունեինք տնտեսական աճ, կար փող, բայց մենք կրթության ծախսերը պահեցինք նույն մակարդակի վրա, չներդրեցինք գումար՝ որակի բարձրացման վրա», - ասաց Սողոմոնյանը։

«Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամի համոզմամբ, եթե Հայաստանն այս կարճաժամկետ, րոպեական մտածողությամբ է առաջնորդվում, հինգ տարի անց կանգնելու է ավելի լուրջ խնդիրների առջև։

«Փորձելով ստեղծել մի այլ տեղ ռեսուրս, մենք վերացնում ենք ամենագլխավոր ռեսուրսը, որը ոչ միայն կրթական ռեսուրս է, ոչ միայն սոցիալական ռեսուրս է, այլ հենց տնտեսական ռեսուրս է», - ասաց Սողոմոնյանը՝ շարունակելով. - «Այսօր խոսում են անձնակազմի մասին, բանակի մասնագիտական հագեցվածության, մասնագետներով համալրելու մասին, մենք վաղն այդ մասնագետները չենք ունենալու։ Վաղը մենք չենք ունենալու բավարար չափով մարդիկ, որոնք արժեք կարտադրեն այս երկրում։ Ստրատեգիապես դու հարվածում ես կրթական ոլորտին»։

Նրա կարծիքով՝ նոր նախաձեռնությունը «ոչ բանակը, կուժեղացնի, ոչ էլ կրթական համակարգը»։

«Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, դա պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով մի մոտեցում է», - ասաց «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG